Սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիների թիվը տարեցտարի նվազում է, բայց  Խնձորուտի դպրոցում աննախադեպ ցուցանիշ է գրանցվել

11:45 • 28.08.16

Հայաստանի սահմանամերձ գյուղերում, ըստ Tert.am-ի հարցման, հիմնականում առաջին դասարան հաճախող երեխաների թիվը նվազել է՝ բացառությամբ, մեկ-երկու գյուղի:

Իսկ Վայոց Ձորի Խնձորուտ համայնքում իսկական հրաշք է տեղի ունեցել՝ առաջին դասարան կգնա նախորդ տարվա համեմատ շուրջ 2,5 անգամ ավելի աշակերտ՝ 5-ի փոխարեն 13-ը:

«13 երեխա այս տարի կգնա առաջին դասարան, մեկն էլ Ռուսաստանից հետ է եկել. անցած տարի եղել է ընդամենը 5 աշակերտ: Երկու տարի հետո 17-ի կհասնենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանը:  

Համայնքի ղեկավարը հասցրեց հպարտանալ. «Հանրապետությունում միակ գյուղն է, որ նման աճ ունի, դրա համար էլ ՀՀ կառավարությունը նոր-նոր ուզումա ուշադրություն դարձնի»:  Իսկ գաղտնիքը Ժիրայր Նազարյանը չի շտապում բացահայտել: «Գաղտնիքն ասեմ, էն գյուղերն էլ կօգտվեն, գործ չունես», -ծիծաղելով ասաց գյուղապետը, բայց հետո համաձայնեց պատմել:

«Մեր համայնք 57 երիտասարդ ընտանիք է եկել, պայմանագրային ծառայողներ են, դրա համար էլ աճում է թիվը: Բացի դրանից՝ գյուղից գնացողներ չկան, դրա շնորհիվ էլի աճ կա»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կառավարության ուշադրության մասին խոսելով համայնքի ղեկավարն ինչ նկատի ուներ, պատասխանեց. «Ուսանողների վարձն են տալիս: Օգնության չափն են բարձրացրել: Անցած տարի վարչապետն է եկել դպրոցական երեխեքին էլ օգնություն տվել»:

Գյուղապետի խոսքով՝ ընդհանուր դպրոցում ունեն թվով 84 աշակերտ:

Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի առաջին դասարան գնացող աշակերտների թիվը հինգով կպակասի: «Անցած տարի 17-ն էին, այս տարի 11-ը»,- ասաց նա՝ նկատելով, որ անցած տարի էլ աճ են ունեցել:

«Դե ծնելիությունն է Հայաստանի հանրապետությունում նվազում, սիրելի՛ս։  Այնպես չէ, որ Երասխում է մենակ պակասում»,- ասաց նա:

Արտագաղթ, ըստ գյուղապետի, «որոշ չափով» կա, իսկ գյուղում հիմնական աշխատանքը գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտում է։

«Եթե տարին բարենպաստ է լինում՝ շատ լավ է լինում, սաղի դեմքին ժպիտ, բոլորն ուրախ, հոգսերը քիչ, պրոբլեմները  քիչ, վարկերն էլ թեթևացած։ Բայց որ տարին բարենպաստ չի լինում՝ ցրտահարություն, կարկուտ, այդ տարին լավ չի լինում»,- ասաց գյուղապետը՝ այս տարվա վերաբերյալ նշելով. «Ոչինչ, շատ լավ չէր, շատ վատ էլ չէր: Նենց չի, որ ժպիտ չկա»:

Վայոց Ձորի մարզի Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ աշակերտների թիվն այս տարի նվազել է: «Անցած տարի ունեցել ենք, ընդհանուր առմամբ, 100 աշակերտ, հիմա կլինի 96: Բայց այս տարի 8 երեխա առաջին դասարան կգնա, նախորդ տարի էլ էր 8-ը։ Նվազում է էլի կամաց-կամաց, նույն  պատկերնա էլի, ոնց հանրապետությունում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչով են հիմնականում գյուղում զբաղվում, գյուղապետը պատասխանեց. «Գյուղատնտեսությամբ՝ հողագործություն,  անասնապահություն, մի մասն էլ պայմանագրային զինծառայության են անցել»:

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում անցած տարվա համեմատ 2-ով ավելի երեխա կգնա առաջին դասարան: Tert.am-ի հետ զրույցում գյուղապետ Գուրգեն Բալյանն ասաց, թե 18 երեխա այս տարի առաջին դասարան կգնա. «Այս պահին 16-ը հաստատ է, իսկ մյուս երկու երեխան կասկածելի է Վահան գյուղում դպրոց կգնան, թե ոչ: Մեկը մեր գյուղի թոռ է, Երևանից տեղափոխվել են այստեղ, եկել են անասնապահությամբ են զբաղվում»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, թե արտագաղթ չկա, բայց ծնելիության անկում կա: «Մարդիկ իրենց հող ու ջրին նվիրված են, գնան ուրիշ տեղ ի՞նչ պետք ա անեն, ստեղ էլի գոնե իրենց գոյությունը կարողանում են պահել»,-ասաց նա և նշեց, թե Կառավարության կողմից ուշադրության կենտրոնում գտնվող գյուղ է:

Տավուշի մարզի Ոսկևան համայնքում ևս դպրոց կհաճախեն ավելի քիչ թվով երեխաներ: Համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը նշեց, որ չգիտեն առաջին դասարանցիների թիվը կլինի 9, թե 10: «Մեկը դրսումա, տենանք, պետք ա հետ գա, կգա, թե չէ: Նախորդ տարի 14 երեխա է գնացել»,-ասաց նա և հիշեց, որ մի քանի տարի առաջ առաջին դասարանցիների թիվը 20, 21-ն էր լինում:

Զբաղմունքը գյուղում, ըստ գյուղապետի, միայն գյուղատնտեսությունն է և արտագնա աշխատանքը: «Ռուսաստան են գնում, հիմնականում գնում են, գալիս, ընտանիքը մնումա, ամուսինը գնումա, աշխատում, գալիս»,- ասաց նա:

Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկ աշակերտով ավելի առաջին դասարանցի կունենան այս տարի: «13 երեխա սեպտեմբերի մեկին առաջին դասարան կգնա, անցած տարի 12-ն էր»,-ասաց նա՝ հավելելով, որ 110 աշակերտ ունեն: