Ծննդատանը տեղերով փոխված կանադացիները 41 տարի անց գտել են հարազատ ընտանիքները

18:54 • 28.08.16

Կանադայի Վինիպեգ քաղաքում (Մանիտոբա նահանգ)  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատվել է, որ երկու կանադացիներ 41 տարի ապրել են օտար ընտանիքներում, քանի որ վերջիններիս ծնվելուց հետո տեղերով շփոթել էին ծննդատանը 1975-ին:

Կանադացիների պատմությունը ներկայացնում է CBC News-ը` հայտնելով, որ միջոցառման ժամանակ հնչեցրել են ԴՆԹ հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տվել, որ Լեոն Սվենսոնին և Դևիդ Թեյթ կրտսերին մեծացրել են ոչ իրենց կենսաբանական ծնողները: Այդ մասին տեղեկանալով` նրանք գրեթե լաց են եղել:

Լեոնին և Դևիդին 41 տարի առաջ շփոթել են Norway House Indian Hospital հիվանդանոցում, որտեղ նրանք լույս աշխարհ էին եկել 3 օրվա տարբերությամբ:

Աղբյուրը հիշեցնում է, որ նույն բուժհաստատությունում ևս երկու կանադացիների են շփոթել ծնվելուց հետո, ինչի մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա նոյեմբերին:

Կանադայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է գերատեսչական հետաքննություն սկսելու մասին: