ԼՂ կոնֆլիկտի հարցում անհիմն բանաձև ենք որդեգրել՝ «տարածք կարգավիճակի դիմաց». Նարեկ Գալստյան

15:32 • 28.08.16

Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չի կարող տեղաշարժ գրանցել «տարածք կարգավիճակի դիմաց» մոտեցմամբ։ Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։ Նա նշեց, որ այլընտրանք, սակայն, այս մոտեցմանը միայն պատերազմն է։ ՀՀ և ԼՂ իշխանությունների հայտարարություններին, թե փոխզիջումները միակողմանի չեն, որ տարածքներ Ադրբեջանին չեն վերադարձվելու, Նարեկ Գալստյանը թերահավատորեն մոտեցավ. ասաց, որ կատարվողն ամենևին էլ փոխզիջում չէ, զիջում է։

- ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, թե 2007 թ.-ին Լեռնային Ղարաբաղի վերադարձվելիք շրջանները 7-ն էին, 2009 թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փոխել է իր դիրքորոշումը և առաջարկել վերադարձնել Ադրբեջանին միայն 5 շրջան, իսկ ահա այս տարի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է սկսել հակամարտության կարգավորումը 2 շրջանի վերադարձից։ Իրատեսական սցենա՞ր է։

- Նախ ասեմ, որ դեռևս 94 թ.–ից անկախ բանակցային սեղանին դրված փաթեթի բնույթից, հողեր հանձնելու հարցը միշտ եղել է։ Դա ներկայացվել է «տարածք կարգավիճակի դիմաց» մոտեցմամբ։ Հետագայում առաջարկվել են այս մոտեցման տարբեր ձևակերպումներ՝ 7 շրջաններ, 5 շրջաններ... Հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ունենան անմիջական ցամաքային սահման, 2 շրջանը դուրս են մղվել փաթեթից, բայց, ամեն դեպքում, դրանք առարկայական քննարկման չեն դրել, որովհետև Ադրբեջանն ի սկզբանե որդեգրել է հետևյալ դիրքորոշումը. ԼՂ–ն կարող է ունենալ բարձր կարգավիճակ, սակայն միայն Ադրբեջանի կազմում։ Տարածքներ հանձնելու հարցը այս պատճառով առկախվել է, որովհետև մենք էլ պնդել ենք, որ Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկվել չի կարող։ Բանակցությունները երբեք հիմնական այս հարցերից դուրս չեն լինում, դրա համար տեղաշարժ չի գրանցվում։ Այո, տարածքների հանձնման հետ կապված չի կարող մտահոգություն չլինել, որովհետև դրանք պարզապես հողեր չեն, ստրատեգիական ռեսուրս են, անվտանգության տեսանկյունից առանցքային են։

- Ասացիք, որ 94 թ.–ից տարածքների վերադարձման մասին զրույցները եղել են, ավելին՝ դրանք ամրագրվել են նաև Մադրիդյան սկզբունքներում, Կազանի փաստաթղթում։ Այդ դեպքում ինչո՞ւ է աղմուկը հենց հիմա բարձրացել, ինչո՞ւ է այս հարցն այսքան սրվել։

–  Խնդիրն այն է, որ գոյություն ունի խնդրի հանգուցալուծման վերջնակետ, երբ պետք է ամրագրվի՝ ինչ կարգավիճակ և ինչ տարածքային շրջանակ պիտի սահմանվի։ Խնդրի բուն էությունը հենց դա է՝ ինչ կարգավիճակ կունենա Արցախը, ինչ տարածքներ կլինեն Արցախի տիրապետության տակ։ Մյուս հարցերն այդքան էական չեն։ Հիմա, եկել է վերջնական կետին մոտենալու պահը։ Դրա համար հարցերը սրվել են։

– Ռուս քաղաքագետներից նշում են, որ Հայաստանը ժամանակին համաձայնել էր 5 շրջանները հանձնելու մոտեցմանը։ Սերժ Սարգսյանն էլ իր ելույթներից մեկում խոստովանել էր, որ 2011 թ.–ին մենք պատրաստ էինք 5 շրջանները Ադրբեջանին զիջել։ Նրանք կարծում են, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշումը, սակայն, փոխվել է։

– Փոփոխություն եղել է, բայց այն հարցում, որ Հայաստանն այլևս հույս չունի կոնստրուկտիվ պայմանավորվածության գալ Ադրբեջանի հետ։ Ապրիլյան մարտերից հետո մենք վերջնականապես համոզվեցինք, որ Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է։ 90–ականներից հետո Ադրբեջանը մշտապես խախտել է պայմանավորվածությունները։ Բայց հիմա մեզ վրա դա թանկ նստեց՝ 100 զոհ ունեցանք։ Սա է պատճառը, որ նաև դիվանագիտական շրջանակներում վաղուց գոյություն ունեցող անվստահությունն Ադրբեջանի նկատմամբ էլ ավելի խորացավ ու հիմա մեզ պետք են վստահության երաշխիքներ, որոնք չեն տրվում։ Ամեն կերպ շրջանցում են վերահսկողության մեխանիզմների ներդրման պահանջը, գեղեցիկ արտահայտություններ են հնչեցնում, թե սա կանենք, նա կանենք, ինչի արդյունքում մենք կանգնած ենք կոտրած տաշտակի առջև։ Հարցը մանրուքները չեն, կոնկրետ սկզբունքն է, թե ինչ բանաձևով ենք մենք պատրաստ լուծել հարցը։ Գործնական քաղաքականությունը ցույց տվեց, որ «տարածքներ կարգավիճակի» դիմաց բանաձևը չի գործում։

– Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունները հակադարձում են՝ ասելով, որ փոխզիջումները միակողմանի չեն։ Ավելին, Tert.am–ի հետ զրույցում ԼՂ նախագահի խոսնակն ասել էր, որ մենք էլ ստանալիք ունենք, որ Գետաշենի, Մարտունաշենի հարց կա և այլն։ Ձեր կարծիքով՝ ոչ միակողմանի փոխզիջումների հարցը բանակցային սեղանին դրվա՞ծ է։

– Ոչ, կարծում եմ, որ բանակցային փաթեթում Գետաշենի, Հյուսիսային Շահումյանի, Արծվաշենի հարցը չկա։ Դրանք Հայաստանի հետ կապված հարցեր են ու չեմ կարծում, թե լուրջ քննարկվում են։ Դրանք ներքին լսարանի համար հայտարարություններ են։ Ի՞նչ է նշանակում փոխզիջում՝ դու զիջում ես մի բան, մյուսը՝ մեկ այլ բան։ 94թ.–ից այս նույն փոխզիջման գաղափարն է. ես զիջում եմ քեզ տարածքներ, դու զիջում ես կարգավիճակ։ Ըստ էության, ոչ մի բան էլ չի փոխվել, սա չի նշանակում, որ միակողմանի են զիջումները։ Ամբողջ խնդիրը նրանում է՝ որն է զիջումների գինը։ Փաստացի՝ Ադրբեջանը ոչ մի բան էլ չի զիջում։ Արցախը վաղուց Ադրբեջանի մաս չի կազմում, էլ ո՞նց են պատրաստվում զիջել, չէ՞ որ կարգավիճակի խնդիրը քաղաքական է, տարածքի հետ կապ չունեն։ Սա դիվանագիտական խաղ է, որի մեջ ընկել ենք ու անհիմն բանաձև ենք որդեգրել՝ «տարածք կարգավիճակի դիմաց»։ Եթե ամեն ինչ լիներ այնպես, ինչպես Դավիթ Բաբայանն էր ասում, կլիներ «տարածք տարածքի դիմաց» ոչ թե «տարածք կարգավիճակի դիմաց» բանաձև։ Իսկ ամենևին էլ փոխզիջում չէ, զիջում է։

– Այլընտրանք «տարածք կարգավիճակի դիմաց» մոտեցումն այլևս ո՞ւշ է քննարկել։

– 20 տարուց ավելի է նույն միջավայրն է, 1000–ից ավել զոհեր ունենք, ու այս պայմաններում չկա այլ տարբերակ, քան այն, որ Ադրբեջանը ճանաչի այն, ինչ կա, այսինքն՝ Արցախը ներկայիս սահմաններով, կամ լինի նոր պատերազմ, որը կփոխի ուժերի դասավորությունը, հաղթողը կվերցնի հասանելիքը։