«Գլխից բռնելու» հանձնարարականին նորանշանակ վարչապետը ծանոթ չէր, բայց պնդեց՝ «Պրոբլեմը լուծելու ենք»
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից «Եռաբլուրում» լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես ժամանակին Նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում՝ «գլխի՞ց է բռնելու»: Վարչապետն ասաց, թե «բացատրեք, ի՞նչ նկատի ունեք «գլխից բռնել» ասելով»: Պատասխանին, որ այսինքն՝ կոռուպցիոներներին վերևի՞ց է բռնելու, թե՞ ներքևի օղակներից, պատասխանեց. «Պրոբլեմը լուծելու ենք»:
Կարեն Կարապետյանն անդրադառնալով կադրային քաղաքականությանը, պատասխանեց, թե Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: «Կադրերը եթե փոխում ենք, ուրեմն ռեալ փոխում ենք, որպեսզի խնդիր լուծվի»,- ասաց նա:
Հարցին, թե ովքեր են նոր նախարարները, քանի որ հանրությանն այդքան էլ հայտնի դեմքեր չեն, Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե կենսագրությունը ներկայացված է և հաստատեց, որ այո՛, իր թիմակիցներն են:
Վարչապետը նշեց. «Այն, որ ՀՀԿ-ականները քիչ են ընտրության մեջ՝ դա կապ չունի»: Իսկ թե ինչ սկզբունքով է ընտրել, պատասխանեց, թե ասել է արդեն. հաշվի է առել պրոֆեսիոնալիզմը: Հարցին, թե հնարավոր է ընդդիմությունից էլ պաշտոններ առաջարկեն, պատասխանեց, որ եթե լավ մասնագետներ լինեն, ինչու ոչ:
Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի ստեղծած հանձնաժողովն է կոռուպցիայի դեմ պայքարելու, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այդ թվում նաև» և հաստատեց, որ այսինքն՝ այլ միջոցներ ևս ձեռնարկելու է:










