Ժամանակին ստիպված համաձայնել եմ, կոճակ եմ սեղմել, որովհետև կուսակցականություն է, դեմ լինես-չլինես՝ հարցը պետք է անցնի. Աշոտ Աղաբաբյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն իրեն հաջորդ խորհրդարանում պատգամավոր չի տեսնում: Tert.am-ի հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ ժամանակին ստիպված համաձայնել է կողմ քվեարկել մի շարք օրինագծերի, որոնց հետ անձամբ կողմնակից չի եղել:
«Այն ամենը, ինչի հետ ես այսօր համաձայն չեմ, որ օրենք դառնա, ժամանակին ստիպված եմ եղել համաձայնել: Հիմա չեմ գնում, որ անհամաձայնությունս դրանով արտահայտեմ»,- նշեց Աշոտ Աղաբաբյանը:
Դիտարկմանը, թե չեք ուզում դեմ քվեարկել՝ դրանով արտահայտելով Ձեր անհամաձայնությունը, պատգամավորն այսպես արձագանքեց. «Ոչ թե չեմ ուզում դեմ քվեարկեմ, այլ չեմ ուզում կողմ քվեարկեմ: Դրանք տարբեր բաներ են: Դրա համար ավելի շատ այսօր նախընտրում եմ արտադրությամբ, բիզնեսով զբաղվեմ, քան լինեմ այնտեղ»:
Իր քայլը Աշոտ Աղաբաբյանը բացատրեց այսպես. «Ինչի հետ համաձայն չեմ եղել, բայց համաձայնել եմ կոճակ սեղմելու՝ կուսակցականությունն է: Եթե կուսակցությունը որոշում է կայացնում՝ դեմ լինես-չլինես, հարցը պետք է անցնի: Ճիշտ է, ես կարող էի իմ ոչ-ով արտահայտեի, բայց…»:
Պատգամավորը նշեց, որ թեև ինքն իրեն հաջորդ օրենսդիրում չի տեսնում, շարունակելու է կուսակցության համար աշխատել, հաջորդ ընտրությունների համար ձայներ ապահովել: «Կուսակցությանը ձեներ է բերելու, որ Կարեն Կարապետյանը մնա: Ես այդ կուսակցության միակ հիմնադիրն եմ երևի: Ընդեղ՝ Արսենյան Գուրգենն է, որ իրան հիմնադիրի տեղ է դրել, բայց կապ չունի կուսակցության հետ: Առաջին անգամ ինքը կուսակցություն եկել է, որ իրան փրկեինք, ունեցվածքը չխլեին, հետո կուսակցությանը օգնեց, Նավասարդյանը խորհրդի անդամ դարձրեց, ասաց՝ կարող ա խելքն էլ պետք գա: Նենց չի, որ կարող եմ կուսակցությանը դեմ գնալ, բայց հարցեր կան, որ չեմ կարող չասեմ…»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում










