Մոսկվայում բերման է ենթարկվել սկանդալային «սթրիթռեյսեր» Մառա Բաղդասարյանը
Ոստիկանության աշխատակիցները Մոսկվայում բերման են ենթարկել Gelandewagen մեքենաներով սկանդալային ավտովազքերի մասնակիցներից մեկին՝ Մառա Բաղդասարյանին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցչին, ի սկզբանե ոստիկանները 23-ամյա աղջկան վարչական տուգանք են նշանակել չկայանված մեքենայի համար: Սակայն Բաղդասարյանի փաստաթղթերի ստուգման արդյունքում պարզվել է, որ նա ունի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար չվճարված մոտ 16 տուգանք:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մառա Բաղդասարյանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, զբաղվում է մսի մեծածախ վաճառքով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բաղդասարյանը պարբերաբար մասնակցում է արգելված ավտոմրցաշարերի, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ գրավում է օրենքի պահապանների ուշադրությունը: Նրան համարում են Մոսկվայի ամենահայտնի փողոցային ավտոմրցարշավորդուհին:
Ներկայում Բաղդասարյանի անունը շոշափվում է ավելի վաղ Մոսկվայի կենտրոնում Mercedes Gelandewagen մեքենաներով կազմակերպված մրցարշավի վերաբերյալ հարուցված քրեական գործում:










