Դպրոցի կոլեկտիվի 50%-ը նախկին տնօրենի բարեկամներն են. մարզպետի պնդմամբ՝ Աղձքում նախկին տնօրենի վերադարձի պահանջը շահերի խնդիր է

16:49 • 08.11.16

Արագածոտնի մարզի Աղձք գյուղում ստեղծված իրավիճակը բացարձակ քաղաքական խնդիր չէ, այս հարցում կա միայն շահերի խնդիր. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք տնօրենը Հանրապետական կուսակցությունի՞ց է, և այստեղ որոշ ուժեր ցանկանում են նրան պահե՞լ:

Հիշեցնենք, որ Աղձք գյուղում երեկվանից լարված իրավիճակ է. գյուղի միջնակարգի դպրոցի մոտ հավաքվել են դպրոցի աշակերտները, ծնողները (շուրջ 100 հոգի), և պահանջում են դպրոցի տնօրենի պաշտոնում վերականգնել օրերս աշխատանքից ազատված տնօրեն  Հարություն Սուքիասյանին: 

Ըստ գյուղացիների՝ իրենք բողոքի ակցիա են իրականացնում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սոնա Միքայելյանի դեմ՝ նշելով, թե նա մարզպետի սանիկն է:

Գաբրիել Գյոզալյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը: «Կոլեկտիվի 50 տոկոսը նախկին տնօրենի բարեկամներն են, 23 աշխատողից մոտավորապես 10-ը՝ կին, հարս, հորեղբոր տղա և այլն, այսինքն՝ խնդիրը շահերից ելնելով է, քանի որ դպրոցից մոտ 3 մլն-ից 1մլն դրամը մտնում է իրենց տուն: Այստեղ ոչ սանիկական կապեր կան, ոչ խնամիական, ոչ էլ բարեկամական: Այդ պաշտոնակատար աղջիկն էլ այդ գյուղի թոռ է, մայրն այդ գյուղից է»,-ասաց մարզպետը: 

Հարցին, թե ստացվում է՝ ամբողջ գյուղն այդ ընտանիքի ու նրանց բարեկամների շահե՞րն է պահում, մարզպետը պատասխանեց, թե ամբողջ գյուղով չէ, այլ կազմակերպված է:  

«Ես հանդիպել եմ, ամեն ինչ ինձ թվում է, որ կարգավորվում է։ Եթե  չկարգավորվի, այլ ընթացք կունենա»,-ասաց մարզպետը ՝ չնշելով, թե որն է այլ ընթացքը:

Իսկ թե կարգավորվել ասվածն ի՞նչ է նշանակում, այն որ նախկին տնօրենը չի՞ վերադառնա իր պաշտոնին, Գաբրիել Գյոզալյանը պատասխանեց. «Դա ընթացիկ  խնդիր է: Մրցույթ կա, դրա համար, միգուցե 10 հոգի է մասնակցում, միգուցե 5 հոգի, վաղաժամկետ չեմ կարող ասել»,- ասաց նա: