Ավստրալիայում հետաքննում են օդանավերի օդաչուներին տրված կեղծ հրահանգների մասին գործը

12:58 • 08.11.16

Ավստրալիայի ոստիկանությունը հետաքննում է Մելբուրնի մոտակայքում օդանավերի անձնակազմի ստացած 15 կեղծ ռադիոհաղորդումների մասին գործը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ավստրալիայի դաշնային ոստիկանության հաղորդմամբ՝ անօրինական ռադիոհաղորդումներն ուղարկվել են մի քանի շաբաթվա ընթացքում Մելբուրնի երկու գլխավոր օդանավակայանների մոտակայքում:


Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռների անձնակազմերի հետ օդանավակայանների ծառայությունների բանակցություններին միջամտել են շարժական ռադիոկայանների օգնությամբ:


Նշվում է, որ հոկտեմբերի 27-ին Virgin Australia ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել փոխել բարձրությունը, իսկ այնուհետև հրաժարվել վայրէջքից և գնալ երկրորդ պտույտի՝ հրահանգների պատճառով, որոնք անձնակազմին տրամադրել է որպես դիսպետչեր ներկայացած անհայտ անձը:


Լրատվամիջոցը նաև հրապարակել է օդանավակայանի դիսպետչերի և օդաչուի միջև խոսակցությունը, ով ներկայացել է որպես շարժիչի խափանման պատճառով վթարի ահազանգ տված փոքր ինքնաթիռի օդաչու:


Ավստրալիայի ոստիկանությունում հայտնել են, որ չափազանց լուրջ են վերաբերում ավիացիոն անվտանգության խափանմանը: Ոստիկանությունը հրահանգավորել է օդաչուներին հնարավոր կեղծ հաղորդագրությունների առնչությամբ: