Նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանի ՀՀԿ-ական դառնալը «նժդեհականությունը սիրելու ու քաղաքական ապագայի հետ կապ չունի»
Շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերոժի» փեսան՝ Կարեն Բոթոյանն ԱԺ այն պատգամավորներից է, որ պատգամավորական գործունեության ընթացքում երբևէ չի մոտեցել Աժ ամբիոնին ու որևէ բառ չի ասել:
Որպես ՕԵԿ-ական պատգամավոր ընտրված Բոթյանը լքեց ՕԵԿ-ը, երբ վերջինս ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց, իսկ վերջերս Բոթոյանը համալրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը:
Ներկայացնում ենք Tert.am-ի զրույցը Կարեն Բոթոյանի հետ:
- Ի՞նչն էր պատճառը, որ անդամագրվեցիք Հանրապետական կուսակցությանը: Նժդեհականությունը խիստ հարազա՞տ դարձավ Ձեզ, թե՞ Ձեր քաղաքական ապագան եք ուզում որոշակիացնել:
-Չէ, նժդեհականությունը ի՞նչ կապ ունի: Ես 2012-ին, երբ որ դարձա պատգամավոր, մի հատ շեղում տեսե՞լ եք մինչև հիմա: Ոնց մտել եմ, տենց գնում եմ, ճի՞շտ ա:
-Շեղում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
-Ասենք՝ ընդդիմություն, ոչ իշխանություն, չգիտեմ: Տեսե՞լ եք էդպիսի բան:
-Դուք խորհրդարան մտել էիք ՕԵԿ-ի հետ, հետո ՕԵԿ-ին թողեցիք, հիմա գնում եք ՀՀԿ: Սա ինչպե՞ս հասկանանք:
-Ես իմ գծով գնում եմ:
-Ասել է թե՝ Ձեր գիծն իշխանամետությունն է՝ անկախ կուսակցությունից, գաղափարախոսությունից, նժդեհականությունի՞ց:
-Չէ, նժդեհականությունն ի՞նչ կապ ունի: Իսկ քաղաքական ապագայի հետ կապված՝ կուսակցությունը ոնց կորոշի: Կորոշի, որ պետք ա կառուցենք, կկառուցենք, չէ՞, ուրեմն չէ: Կուսակցությունը կորոշի, կլինեմ խորհրդարանում, կորոշի, որ չեմ լինելու, չեմ լինի:
-ՀՀԿ ղեկավարության հետ խոսե՞լ եք Ձեր քաղաքական ապագայի մասին:
-Ոչ:
-ՀՀԿ-ական դարձաք, քանի որ ուզում էիք անպայման իշխանական կուսակցությա՞ն մեջ լինել, Ձեզ անապահո՞վ էիք զգում:
-Չէ, ես 2012 թվականից համագործակցել եմ Հանրապետական կուսակցության հետ և՛ իմ քվեարկություններով, և՛ իմ ամեն ինչով: Էսօր պահ ա եկել, որ որոշել եմ անդամակցել: Վա՞տ բան եք տեսնում դրա մեջ: ՕԵԿ-ի հետ կոալիցիայով համագործակցում էի, հիմա իմ համագործակցությունը շարունակվում է, դրա մեջ վատ բան տեսնո՞ւմ եք: Ես անվերապահորեն հավատում եմ Նախագահին:
-Դա Ձեզ ձեռնտու է, դրա համա՞ր եք անվերապահորեն հավատում:
-Ինձ ի՞նչը պիտի ձեռ տա կամ ձեռ չտա: Քաղաքական ապագան կապ չունի:
-Դուք այն պատգամավորներից եք, որ Ձեր պատգամավորական գործունեության ժամանակ երբևէ չեք մոտեցել ԱԺ ամբիոնին ու որևէ խոսք չեք ասել, ակտիվ չեք ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություններով: Ինչո՞ւ եք ուզում շարունակել պատգամավորի կարիերան: Սա Ձեզ պետք է բիզնեսի՞ համար:
-Դուք գիտեք, որ ես բիզնե՞ս ունեմ:
-Ձեր աները՝ շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանն ունի մեծ բիզնես:
-Աները ինձանից առաջ էլ ուներ, ինձնից հետո էլ կունենա: Էնպես չի, որ իմ մանդատով է իր բիզնեսը:
-Միգուցե դա ինչ որ տանիք, ապահովությո՞ւն է իր բիզնսեի համար:
-Չէ, ինքը 90 թվականից ապահովված ա եղել:
-Այդ դեպքում, Ձեր ներկայությունն ԱԺ-ում ինչո՞վ եք արդարացնում:
-Պատգամավորական գործողությունը մենակ ԱԺ-ո՞վ ա սահմանափակվում: Գնացեք ընտրատարածք, իմ տարածաշրջան, տեսեք իմ արած աշխատանքը: Հարցրեք, եթե անբավարար լինի, ուրեմն թող չընտրեն ինձ, ես էլ չեմ լինի ԱԺ-ում:
-Բայց խորհրդարանը օրենսդիր մարմին է, բարեգործական կազմակերպություն չէ, և էստեղ պիտի օրենսդիրներ աշխատեն: Իսկ դուք օրենսդիր գործունեությամբ չեք զբաղվում:
-Ո՞վ ա ասում, ես 3 նախագիծ եմ ներկայացրել:
-4 տարվա մե՞ջ:
-Այո:
-Կարծում եք՝ դա բավարա՞ր է:
-Ես չգիտեմ: Դուք գնահատեք՝ բավարար ա, թե բավարար չի:










