ԱՄՆ-ի մի շարք նահանգներում սկսվել են նախագահական ընտրությունները

16:52 • 08.11.16

ԱՄՆ-ում բացվել են ընտրատեղամասերը՝ պաշտոնապես ազդարարելով Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մեկնարկը, որտեղ նախագահ կընտրվի կա՛մ Հիլարի Քլինթոնը՝ դառնալով առաջին կին նախագահը, կա՛մ հայտնի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը խոստանում է վերանայել քաղաքականության օրենքները, գրում է The Guardian-ը:


Կեսգիշերից րոպեներ անց, ավանդույթի համաձայն, առաջին քվեաթերթիկները լրացվել են Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլ Նոթչ բնակավայրում, որն ունի ընդամենն ութ ընտրող: Համաձայն Նյու Հեմփշիրի օրենքների՝ բնակավայրերը, որտեղ գրանցված է 100-ից քիչ ընտրող, կարող են սկսել քվեարկությունը կեսգիշերին և փակել ընտրատեղամասերն այն ժամանակ, երբ բոլոր ընտրողները քվեարկեն:


Ընտրատեղամասերն առաջինը բացվել են Վերմոնտ նահանգում՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 5-ին: Ժամը 6-ին ընտրատեղամասերը բացվել են Նյու Յորքում, Քոնեկտիկուտում, Ինդիանայի մի մասում, Կենտուկիի մի մասում, Մենում, Նյու Ջերսիում և Վիրջինիայում: Կես ժամ անց ընտրողները սկսել են քվեարկել Հյուսիսային Կարոլինայում, Օհայոյում և Արևմտյան Վիրջինիայում:


Առավոտյան ժամը 7-ին քվեարկությունը սկսվել է նաև Ֆլորիդայում, Դելավերում, Ջորջիայում, Մասաչուսեթսում, Մերիլենդում, Միչիգանում, Նյու Հեմփշիրում, Փենսիլվանիայում, Ռոդ Այլենդում, Հարավային Կարոլինայում, Թենեսիի մի մասում:


Այժմ, ընդհանուր առմամբ, ընտրություններն ընթանում են ԱՄՆ 17 նահանգներում:


Նշենք, որ այս տարի ռեկորդային թվով ամերիկացիներ են մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկությանը. այս տարվա ցուցանիշը զգալիորեն գերազանցում է 2012թ. նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկության ժամանակ գրանցված ցուցանիշին:


Վաղաժամ ընտրություններին քվեարկել է ավելի քան 46 մլն մարդ, որոնց թվում իրենց ակտիվությամբ առանձնանում են հատկապես դեմոկրատ Հիլարի Քլինթոնին աջակցող լատինամերիկացիները: