Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել Էրդողանին հետ կանգնել բռնած ուղուց
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ կանգնել բռնած ուղուց, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Շուլցը, մասնավորապես, նշել է, որ երկրում տեղի ունեցող ահաբեկչություններն ու զինված բախումները չեն կարող կապվել ընդդիմադիրների ձերբակալությունների հետ և որ նման մոտեցումն իրենց կողմից անընդունելի է:
«Ով փորձի քայքայել ազատ մամուլը, նա կսպանի ժողովրդավարությունը, և այս պահին Թուրքիայում կատարվողը ոչ միայն մտահոգիչ է, այլև՝ անընդունելի»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահը:
Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին հետ կանգնել բռնած ուղուց և բռնել Եվրոպայի՝ ժողովրդավարության ուժեղացման համար Թուրքիային մեկնած ձեռքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Օրեր առաջ էլ Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:










