Եվրամիությունը լրջորեն մտահոգված է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններով. Մոգերինի

16:03 • 08.11.16

Եվրամիությունը լրջորեն մտահոգված է վերջերս Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններով, այդ թվում՝ մահապատժի արգելքի վերացման մասին բանավեճով և ընդդիմադիր պատգամավորների ձերբակալություններով, և կոչ է անում պաշտպանել երկրում ժողովրդավարական նորմերն ու մարդու իրավունքները: Այդ մասին ասված է Եվրամիության անունից ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«ԵՄ-ն և նրա անդամ երկրները մեծ անհանգստությամբ են հետևում Թուրքիայում վերջին իրադարձություններին»,- հայտարարել է Մոգերինին:


Եվրոպական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ «մահապատիժը վերականգնելու մասին առաջարկով հանդես գալու հնարավորության ուսումնասիրությունը, խոսքի ազատության, այդ թվում՝ սոցիալական ցանցերի շարունակվող սահմանափակումները, ԶԼՄ-ների փակումները, երկրում ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահների վերջերս տեղի ունեցած կալանավորումները, ինչպես նաև մի քանի խորհրդարանականների ձերբակալությունները ծայրահեղ անհանգստություն են առաջացնում և կարող են թուլացնել իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը»:


ԵՄ-ն կարծում է, որ «տարածաշրջանի կայունության համար անհրաժեշտ է վերադառնալ վստահելի քաղաքական գործընթացի և իրական քաղաքական երկխոսության», նշվում է հայտարարությունում: