Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկչություններից հետո առաջին համերգի տոմսերը սպառվել են մեկ ժամում
Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկչություններից մեկ տարի հետո առաջին համերգի տոմսերը սպառվել են մեկ ժամվա ընթացքում: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ողբերգության տարելիցի նախօրեին, գրում է ТАСС-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ առաջին երգիչը, ով կբարձրանա համերգասրահի բեմ, կլինի բրիտանացի ռոք երաժիշտ Սթինգը: Համերգասրահը փակվել էր 2015-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո: Երաժիշտը հրաժարվել է հոնորարից, համերգից ստացված գումարը կփոխանցվի բարեգործական նպատակների համար:
«Համերգի բոլոր տոմսերը վաճառվել են, շնորհակալություն ուշադրության համար»,- նման գրություն է հայտնվել համերգասրահի կայքում՝ տոմսարկղի բացվելուց մեկ ժամ անց: Վերանորոգված դահլիճում կա մոտ 1500 տեղ:
Տոմսերի մի մասը նախապես ամրագրվել է ահաբեկչության 90 զոհերի ընտանիքների համար:
Ողբերգության զոհերի հիշատակին կիրակի օրը համերգասրահի շենքի վրա կբացվի հուշատախտակ:
Սպասվում է, որ արարողությունն անց է կացվելու ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի մասնակցությամբ, որի ելույթի ժամանակ մեկ տարի առաջ դահլիճ մտած ահաբեկիչները կրակ են բացել հանդիսատեսի վրա և մի մասին պատանդ վերցրել:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած մի շարք պայթյունների հետևանքով Փարիզում 130 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանը:










