ՌԴ Պետդումայում ծափահարություններով են ընդունել ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակը
ՌԴ Պետդումայի պատգամավորները նոյեմբերի 9-ի առավոտյան ծափահարություններով են ընդունել ԱՄՆ նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտության մասին նորությունը, հայտնում է Интерфакс-ը:
Լիագումար նիստի ժամանակ կրթության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը հայտնել է պատգամավորներին, որ Քլինթոնը շնորհավորել է իր հակառակորդին հաղթանակի կապակցությամբ:
«Գործընկերներ, երեք րոպե առաջ Հիլարի Քլինթոնը խոստովանել է իր պարտությունն ԱՄՆ նախագահի ընտրություններում, իսկ մեկ վայրկյան առաջ Թրամփն իր ելույթն է սկսել որպես ԱՄՆ նորընտիր նախագահ»,- ասել է նա:
Նշվում է, որ նրա ելույթին հաջորդել են պատգամավորների ծափահարությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին, ու ընդունել իր պարտությունը:











