Կալիֆորնիան, Մասաչուսեթսը և Նևադան քվեարկել են մարիխուանայի օրինականացման օգտին

11:17 • 09.11.16

Ամերիկյան Կալիֆորնիա, Մասաչուսեթս և Նևադա նահանգների բնակիչները քվեարկել են մարիխուանայի օրինականացման օգտին, հայտնում է The New York Times-ը:


Հանգստի նպատակով մարիխուանայի օրինականացման հարցի վերաբերյալ քվեարկում են նաև Արիզոնայի և Մենի բնակիչները:

Եվս չորս նահանգում՝ Ֆլորիդայում, Հյուսիսային Դակոտայում, Մոնտանայում և Արկանզասում քվեարկության է դրվել հարցը՝ արդյոք արժե այն օգտագործել բժշկական նպատակներով: Ֆլորիդայում, Հյուսիսային Դակոտայում և Արկանզասում ընտրողները քվեարկել են բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործման օգտին:


Մինչ այս, հանգստի նպատակով մարիխուանայի օգտագործումն օրինական էր համարվում Կոլորադոյում, Վաշինգտոնում, Օրեգոնում և Ալյասկայում, իսկ բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործումն օրինականացված է եղել 25 այլ նահանգներում:


Նշվում է, որ ցանկում Կալիֆորնիայի և Մասաչուսեթսի ավելացմամբ՝ մարիխուանան օրինականացրած նահանգներում ապրող ամերիկացիների թիվը 5 տոկոսից ավելացել է՝ հասնելով մոտ 20 տոկոսի: