Ռուսաստանը մտադիր է ապրանքները Եվրոպա առաքելիս շրջանցել Լեհաստանը
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը մտադիր է լաստանավերի միջոցով ընդլայնել Եվրոպային մատակարարվող բեռնափոխադրումների ծավալը, ինչը թույլ կտա բեռն առաքել` շրջանցելով Լեհաստանը: Այս մասին հաղորդում է նախարարության կայքը:
Նշվում է, որ նման քայլը կապված է «թույլտվությունների փոխանակման հարցում լեհ գործընկերների անկայուն քաղաքականությամբ, ինչը ռուսաստանյան փոխադրողներին թույլ չի տալիս աշխատել հարմարավետ պայմաններում»:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոյեմբերի 8-ին տրանսպորտի փոխնախարար Նիկոլայ Ասաուլը հանդիպել է լաստանավերի միջոցով բեռնափոխադրումներ կազմակերպող DFDS ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերության աշխատակիցները պատրաստակամություն են հայտնել գիծն ապահովել բեռնափոխադրող լաստանավերով:
РИА Новости-ն գրում է, որ Ռուսաստանի և Լեհաստանի միջև բեռնափոխադրումները դադարեցվել էին տարեսկզբին: Դրա պատճառը եղել էր Վարշավայի դժգոհությունը ճանապարհային քվոտաներին վերաբերող փոփոխությունների վերաբերյալ, որոնք արվել են ռուսաստանյան օրենսդրության մեջ:










