Դ.Թրամփի ընտրվելու դեպքում Հայաստանի համար հնարավոր է նոր խնդիրներ ստեղծվեն. Ստյոպա Սաֆարյան
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում Հայաստանի համար նոր խնդիրներ կստեղծվեն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նկատելով, որ հանրապետական Ջորջ Բուշ Կրտսերի օրոք Հայաստանը ավելի քիչ էր կարևորվում, քան դեմոկրատների օրոք:
«Երկկողմ հարաբերություններ կային, բայց ամերիկյան խոշոր խաղերում Հայաստանը չկար, այլ կար Վրաստան, Ուկրաինա և ոչ ավելին: Այս կտրվածքով Հայաստանը, կարծես թե, հանձնված էր Ռուսաստանին, և պատահական չէ, որ այդ տարիներին ամբողջ մեր ունեցվածքով կապվեցինք Ռուսաստանի հետ»,- ընդգծեց Ստյոպա Սաֆարյանը:
Քաղաքագետը մանրամասնեց, որ հանրապետականները կարևորել են Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի հետ հարաբերությունները, ինչը նշանակում է Հայաստանի մեկուսացման խորացում:
«Նաև Իրանի հետ հարաբերություններն են շատ բարդ եղել. մեզ արգելվել է Իրանի հետ լավ հարաբերվել, որը ավելի է խորացրել մեր խնդիրները»,- հավելեց քաղաքագետը:
Սաֆարյանը նկատեց նաև, որ դեմոկրատներն արել են ճիշտ հակառակը, և այժմ մեծ է Հայաստանի դերը Իրան-Արևմուտք հարաբերություններում, նախաձեռնվել է հայ-թուրքական գործընթացը, թուլացվել է ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
«Մենք շատ ընդհանրություններ ենք ունեցել դեմոկրատական կուսակցության քաղաքական գծի հետ: Այս առումով, իհարկե, Հիլարի Քլինթոնը նախընտրելի է»,- ընդգծեց Սաֆարյանը:
Սաֆարյանի գնահատմամբ Դոնալդ Թրամփը անհուսալի և անկանխատեսելի քաղաքական գործիչ է, հետևաբար բավականին բարդ է վերլուծել հետագա զարգացումները:










