Twitter-ում «Իսկական ռումբ պայթեցնելու օր ու ժամ է» գրառումն արած գերմանաբնակ թուրքին ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում
Բեռլինում բնակվող ազգությամբ թուրք Էրեն Ք. անունով երիտասարդը Ստամբուլ մեկնելուց առաջ Twitter-ի իր էջում ուշագրավ գրառում է արել:
Թուրքական diken.com.tr կայքի փոխանցմամբ` երիտասարդը տոմսը գնելուց հետո սոցցանցում «Վաղը 19:30-ին թռիչք ունեմ: Իսկական ռումբ պայթեցնելու օր ու ժամ է: Աթաթուրքի օդակայանի վրա հարձակում…» գրությամբ հրապարակում է արել, ինչից հետո հայտնվել է թուրքական ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Երիտասարդը ձերբակալվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան ժամանելուն պես:
Զավեշտալին, թերևս, այն է, որ ձերբակալված գերմանաբնակ թուրք երիտասարդի մոտ չի հայտնաբերվել ոչ մի տեսակի զինամթերք, մինչդեռ սոցցանցերում նրա ակտիվությանը հետևած ոստիկանները հայտնաբերել են, որ վերջինս բազմիցս վիրավորական արտահայտություններ է օգտագործել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, ինչից հետո «ահաբեկչին» ձերբակալել են երկրի նախագահի դեմ ուղղված վիրավորանքների մեղադրանքով:










