Գյուղատնտեսության մեջ թվեր են նկարում, ցորենի այնպիսի բերքատվություն է ներկայացվում, որ անգամ Կանադային են գերազանցում. Հ. Բերբերյան (տեսանյութ)
Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ ուռճացված թվեր են ներկայացվում։ Այս մասին tert.am-ի հետ զրուցում ասաց «Հայաստանի ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ Ըստ նրա՝ այս քայլով կամ ինքնախաբեությամբ են զբաղվում, կամ փորձում են նախագահին,վարչապետին այլ պատկեր ցույց տալ։
«Պլանային տնտեսություն չունենք, վաղուց շուկայական հարաբերությունների մեջ ենք, նկարված, նույնիսկ իրական թվերը ոչ մեկին չի հուզում, կոմերիտական քայլեր են կատարում։ Անհարմար է, ցորենի այնպիսի բերքատվություն է ներկայացվում, որ անգամ Կանադային են գերազանցում՝ 34 ցենտներ 1 հեկտարից բերքատվություն են ցույց տալիս, խաբում են»,- մանրամասնեց Բերբերյանը։
Ըստ նրա՝ ներքին և արտաքին շուկաներում իրացվելու ցուցանիշը բավարար է, որպեսզի իրական պատկերը պարզ լինի։
Հրաչ Բերբերյանը մանրամասնեց, որ մտահոգված է 2016 թ.-ին գյուղատնտեսությունում արձանագրված իրավիճակից, դեռ ամբողջական հետազոտության արդյունքները պատրաստ չեն, բայց ակնհայտ է, որ մի շարք ոլորտներում անկում է գրանցվելու։ Առաջինը պտղի բերքատվությունն է նվազել։
«Ծառերի պտուղները՝ կարկտահարության հետևանքով, իսկ խաղողի պարագայում գինեգործներն են մեղավոր,որ գյուղացիների գումարը չեն տվել, այգիները թիվը նվազել է»,- ասաց նա։
Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ՝ մտահոգիչ է իրավիճակը հատկապես անասնապահության մասով. «Անասնագլխաքանակի շեշտակի անկում կա 50-80 հազար գլխաքանակի մասին է խոսքը, նախորդ տարվանից անկումը շարունակվում է»։
Հրաչ Բերբերյանը անասնագլխաքանակի անկումը պայմանավորում է նաև կաթի գների հետ, 90-100 դրամով կաթի վաճառքի պարագայում գյուղացուն ձեռք չի տալիս զբաղվել անասնապահությամբ։
«Անօրինական ուկրաինական կաթի թունավոր փոշի լցրեցին Հայաստան, կաթի ինքնարժեքը նվազեցրեցին»,- նկատեց Բերբերյանը։
«Հայաստանի ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահը կարծում է, որ այսօր գյուղացուն մենակ են թողել և իշխանությունները չեն կատարում իրենց խոստումները՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո լայն շուկա ունենալու հետ կապված։
Մանրամասները՝ տեսանյութում










