Դերսիմի 22 գյուղում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել
Թուրքիայի Թունջելիի (Դերսիմ) նահանգապետարանը հայտարարություն է տարածել նահանգին ենթակա 22 գյուղում փողոց դուրս գալու արգելքի սահմանման մասին: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտարարությունում նշվում է, որ երկկողմանի փակվել է Թունջելի - Օվաջըք ճանապարհը:
Նահանգապետարանը հայտնում է, որ որոշման պատճառ է դարձել տարածքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների շարժի ակտիվացումը: Թուրքական ԶՈՒ-ն Թունջելիի տարածքում հատուկ գործողություն է նախապատրաստում ՔԱԿ զինյալների դեմ:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։










