Արևելյան Եվրոպայում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել հարկային հանցագործությունների համար

19:06 • 10.11.16

Սլովակիայի ոստիկանությունը Չեխիայից, Հունգարիայից և Լեհաստանից գործընկերների հետ սերտ համագործակցությամբ վերջին օրերին ձերբակալել է 32 մարդու, ովքեր կասկածվում են ընդհանուր 58 միլիոն եվրոյի չափով հարկային հանցագործությունների կատարման մեջ: Այդ մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սլովակիայի ոստիկանության ղեկավար Տիբոր Գաշպարը և հանրապետության ֆինանսական վարչության ղեկավար Ֆրանտիշեկ Իմրեչեն, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջին դեպքում խոսքը Չեխիայից, Հունգարիայից, Լեհաստանից և Սլովակիայից 17 առևտրային ընկերություններից բաղկացած համակարգված ցանցի մասին է: Ընկերությունները ֆիկտիվ հարաբերություններ էին ստեղծում անօրինական հարկային շահույթ ստանալու նպատակով»,- ասել է Իմրեչեն:

Այդ գործունեությունից վնասը կազմել է 15 միլիոն եվրո:

Երկրորդ դեպքում խոսքը մսի վաճառքի ժամանակ հարկային խարդախությունների մասին է, որոնց մեջ ներգրավված են եղել ընկերություններ Սլովակիայից և Լեհաստանից:

«Այս գործն ուշադրություն է հրավիրում նախևառաջ մեծ վնասի պատճառով, որը կազմում է 43 միլիոն եվրո»,- ընդգծել է ֆինանսական վարչության ղեկավարը: