ԼՂՀ Սահմանադրության նոր նախագիծը իշխանության վերարտադրության համար է. ԼՂՀ պատգամավոր

23:09 • 10.11.16

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգտագործելու է իր իշխանության վերարտադրության համար. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նշենք, որ երեկ ԼՂՀ ԱԺ-ն հրապարակել է Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը: 

«Մասնավորապես՝ նախատեսված անցումային ժամանակաշրջանում  նախագահի պաշտոնին հավակնելու դրույթով: Մանրամասնեմ. հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2020թ.-ին, իսկ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017թ.-ին: Այս միջանկյալ շրջանի համար ԱԺ-ն պետք է նշանակեր անցումային շրջանի նախագահ: Սահմանադրության համաձայն՝ նա անընդմեջ երկու անգամից ավել ընտրվելու իրավունք չունի, սակայն  օգտագործելու է այս անցումային շրջանի հնարավորությունը և մինչև 2020 թ.-ը փորձելու է ԱԺ-ի կողմից ընտրվել նախագահ և 2020թ.-ից ևս երկու անգամ փորձելու է առաջադրվել նախագահի  պաշտոնին»,-ասաց նա՝ նշելով, թե սա է իրենց գլխավոր մտահոգությունը:  

«Այս Սահմանադրության նախագիծը չի փարատում մեր մտահոգությունը, ավելին՝ քաղաքական ուժերի և նախագահի օգոստոսյան հանդիպումը հաստատել է մեր այս մտահոգությունը»,- ասաց նա:

Խանումյանը խոսեց նաև կառավարման համակարգից՝ նշելով, որ թեև սկզբում քննարկվում էր անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն կտրուկ փոփոխվեց ու կրկին դեպի նախագահականը: «Տարբեր հանգամանքներով կարող է դա պայմանավորված լինել, բայց բոլոր դեպքերում այս փոփոխությունների գլխավոր նպատակը եղել է իշխանության վերարտադրությունը»,- ասաց նա:

Մյուս դրույթներն արդեն չկարևորելով՝ Հայկ Խանումյանը նշեց, թե մի շարք փոփոխություններ են արվել, որոնք, ըստ նրա, ուղղակի ծիծաղելի է: «Իշխանության տարբեր խոսնակները, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է, հիացած և հաղթական հայտարարում են, որ ԼՂՀ-ն վերանվանվելու է Արցախի Հանրապետություն, այնինչ՝  Սահմանադրության այն հոդվածը, որտեղ ԼՂՀ-ն և Արցախի Հանրապետությունը նույնական են,  փոխարինվել է հետևյալ տողով. Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Կարծես Ժողովրդին ձեռք են առնում, սա քարոզչությամբ որպես մեծ նվաճում ներկայացնելով, ինչը գալիս է անկարողությունից»,- ասաց նա:

ԼՂՀ պատգամավորը հասարակության տրամադրություններից չի կարող խոսել, քանի որ, ըստ նրա, սոցհարցում չեն անցկացրել, որևէ գործիքակազմ չունեն հասարակության կարծիքն իմանալու համար: Սակայն նշեց, թե խորհրդարանում փետրվարյան խորհրդարանական խորհրդակցություններին մեծամասնության մոտ գերիշխում էր խորհրդարանական համակարգին կողմ լինելը:

 «Մենք, իհարկե, բոլոր տեսակի  փոփոխություններին դեմ ենք, որովհետև հենց սկզբից էլ համարում ենք, որ սա կատարվում է իշխանության  վերարտադրության համար: «Շարժում 88-ը» եղել է կիսանախագահականի կողմնակից, իսկ երեք  խոշոր իշխանական ուժերը՝ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Դաշնակցություն»,  որոնք ԼՂՀ ԱԺ-ում ունեն գերակշիռ մեծամասնություն փետրվարի խորհրդակցության ժամանակ եղել են խորհրդարանական մոդելի կողմնակից»,- ասաց նա՝ նշելով, թե ինչու մտափոխվեցին՝ չի կարող ասել: