«Հեռուստամարաթոն 2016»-ի արդյունքում հավաքագրված գումարների զգալի մասը կուղղվի Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը
Նոյեմբերի 24-ին կմեկնարկի «Հեռուստամարաթոն 2016»-ը, որի արդյունքում հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն: Զուգահեռաբար կշարունակվեն նպատակային ծրագրերը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին «Հայաստանի համահայկական հիմնադրամից»:
Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնեցին նաև, որ մինչ հեռուստամարաթոնի մեկնարկը կազմակերպվում են ավանդական ամենամյա ճաշկերույթ-դրամահավաքներ, որոնցից առաջինը Տորոնտոյում է եղել և հավաքագրվել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար: Նոյեմբերի 16-20-ը տեղի կունենա համաեվրոպական հեռուստամարաթոնը, որին կմասնակցեն Ֆրանսիայի Գերմանիայի և Շվեյցարիայի տեղական մարմինները, 19-20-ը նախատեսված է դրամահավաք Հունաստանում, իսկ արդեն նոյեմբերի 24-ին Երևանի ժամանակով 22:00-ից մինչև հաջորդ օրվա 10:00-ը կանցկացվի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմինների մասնակցությամբ հեռուստամարաթոնը, որը տեղի կունենա Լոս Անջելեսում:
Նախորդ մի քանի տարիներին ևս հեռուստամարաթոնների արդյունքում հավաքագրված գումարները հիմնականում ուղղվել են Արցախի խնդիրների լուծմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր գյուղը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացված 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվությունը հատկացվել է Ղարաբաղի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության խնդիրների լուծմանը:
«Դեպի Արցախ» խորագրով 16-րդ «Հեռուստամարաթոն 2013»-ի արդյունքներով հանգանակված 22 միլիոն 661 հազար 372 դոլար նվիրատվությունն էլ ուղղվել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Վարդենիս-Մարտակերտ 116 կիլոմետրանոց ավտոճանապարհին:
2014 թվականին հավաքագրված 12 միլիոն 399 հազար 550 դոլարը կրկին ուղղվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությանը, սակայն այս անգամ դրա ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված Հայաստանում և Ղարաբաղում հատուկ ծրագրերի իրականացմանը:
Նախորդ տարի էլ «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն 2015»-ը արձանագրել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն: Հավաքագրված գումարն ուղղվել է Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում:










