Թուրքիայում ահաբեկչություն է տեղի ունեցել, վիրավորվել է Դերիք շրջանի ղեկավարը

14:26 • 10.11.16

Թուրքիայի Մարդինի նահանգի Դերիք շրջանում հզոր պայթյուն է որոտացել շրջանային վարչակազմի շենքի մոտակայքում, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Ահաբեկչական հարձակման ընթացքում վիրավորվել է 5 մարդ, որոնց թվում՝ նաև պետության կողմից շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակված վերահսկիչը:


Ենթադրվում է, որ հարձակումն իրականացրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը:

Ավելի վաղ խմբավորման գործադիր կոմիտեի անդամ Մուրադ Քարայըլանը հայտարարել էր, որ ՔԱԿ-ի հարձակումների նոր թիրախ կդառնան Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները և պետության կողմից երկրի քրդաբնակ շրջանների նահանգապետարաններ ուղարկված վերահսկիչ պաշտոնյաները: 

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։