Եթե «Համախմբումը» ընտրություններին մասնակցեց միայնակ, ցուցակը գլխավորելու եմ ես. Վարդան Օսկանյան

13:56 • 10.11.16

«Համախմբում» կուսակցությունն անելու է իրենից կախված ամեն ինչ, որ քաղաքական, քաղաքացիական շրջանակների ներգրավմամբ առավելագույնս համախմբված հանդես գան 2017-ի ԱԺ ընտրություններին, բայց եթե ստացվեց այնպես, որ «Համախմբումն» ընտրություններին մասնակցեց միայնակ, ապա այդ դեպքում ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց վերջինս. «Իհարկե, լավ կլինի, որ լինի դաշինք, բայց եթե չի ստացվում, չի ստացվում, չես կարող ինչ-որ բան պարտադրել»:

Ամեն դեպքում Վարդան Օսկանյանը լավատես է, նախանշաններ տեսնում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո և, առհասարակ, կարծում է, որ ով խուսափեց, իր երեսը ցույց կտա:

Իսկ հետընտրական դաշինքներին Վարդան Օսկանյանը չի հավատում, ասում է, որ դրանք հասցրել են վարկաբեկվել և մատնանշում է Վանաձորը:

Նախկին արտգործնախարարը հավելեց, որ «Համախմբումը» անկեղծ է, ցանկանում են նոր դեմքեր բերել քաղաքականություն, անել համարձակ քայլեր, հասնել երկրում նոր որակի իշխանություն ձևավորելուն, երկրում մթնոլորտ փոխելուն: