Վերաքննիչ դատարանը նիստը հետաձգել է Վալերի Պերմյակովի ներկայությունն ապահովելու համար, մի շարք հարցադրումներ կան. պաշտպան
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ սահմանի հատման փորձի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
«Վալերի Պերմյակովի պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատավճռի մի մասի դեմ, խոսքը վերաբերում է ապօրինի սահմանը հատելու փորձին: Պերմյակովը հետ է վերցրել պաշտպանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան ներկայացնելով համապատասխան դիմում, որտեղ նշել է, որ ինքը համաձայն է առաջին ատյանի դատարանի դատավճռի հետ և խնդրում է իր պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը թողնել անհետևանք»,– ասաց նա:
Պաշտպանը հայտնեց, որ այսօրվա դատական նիստին Պերմյակովը չէր ներկայացել, իսկ ինքը միջնորդություն է ներկայացրել ապահովել Պերմյակովի ներկայությունը դատական նիստին։
«Նրա ներկայությունը պետք է ապահովվի, որպեսզի դատարանը պարզի, թե արդյոք դիմումը գրվել է անձամբ Պերմյակովի կողմից, եթե գրվել է Պերմյակովի կողմից իր կամքով է գրվել, թե ստիպելու հետևանքով, և եթե գրվել է իր կամքով, արդյոք այդքանից հետո նա համաձա՞յն է, որ իր պաշտպանությունն իրականացնեմ ես: Այստեղ կա հակասություն՝ պաշտպանը ներկայացնում է բողոք, պաշտպանյալը բողոքը հետ է վերցնում» ,-ասաց Աղաջանյանը:
Պաշտպանի խոսքով՝ այդ հարցադրումները պարզելու համար դատական նիստը հետաձգվել է: Այդ ընթացքում դատարանը համապատասխան գրություն կուղարկի, նորից կծանուցի Պերմյակովին , կնշի, թե արդյոք նա ցանկանում է, որ իր պաշտպանն իրականացնի իր պաշտպանությունը.«Կարծում եմ՝ մինչև հաջորդ դատական նիստը այդ հարցի մեջ հստակություն կմտցվի»,–ասաց պաշտպանը:
Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար ազատազրկվել է 2 տարի ժամկետով, վերաքննիչ բողոքը ներկայացվել է այդ մասով:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին սպանելու համար ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:










