ՌԴ առողջապահության նախարարությունը կրիտիկական է անվանել 10 շրջանում ՄԻԱՎ-ի հետ կապված իրավիճակը
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կրիտիկական է անվանել դաշնության տասը շրջաններում ՄԻԱՎ վարակի տարածման հետ կապված իրավիճակը: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:
«Առաջին տեղում է Սվերդլովսկի շրջանը, ահա Եկատերինբուրգը, որը վերջերս հայտնվել էր մամուլում»,- հայտարարել է նա: Գործակալության զրուցակիցը հստակեցրել է, որ վարակի տարածումն առավել բարձր է այն շրջաններում, որոնցով անցնում են թմրանյութերի տարանցման ուղիները:
«Մեզ մոտ ՄԻԱՎ-ով վարակման բոլոր աղբյուրներից 57 տոկոսը ներարկման ճանապարհով է՝ որպես կանոն հերոին օգտագործողների շրջանում»,- բացատրել է պաշտոնյան:
Նոյեմբերի սկզբին Եկատերինբուրգի առողջապահության վարչությունում հայտարարել էին, որ քաղաքի յուրաքանչյուր 50-րդ բնակիչ վարակված է ՄԻԱՎ-ով, ընդհանուր առմամբ, գրանցվել է ՄԻԱՎ վարակի 26.693 դեպք:
«Բայց դա միայն այն դեպքերն են, որոնք պաշտոնապես են հայտնի, իրականում վարակի տարածումն ավելի մեծ է… Վարակի մեր ցուցանիշը 100.000-ի նկատմամբ 1.826 մարդն է, դա քաղաքի բնակչության 1,8 տոկոսն է»,- նշել են գերատեսչությունում:
Կառավարությունում ավելի վաղ հայտարարել են, որ 2006 թվականից ի վեր ՄԻԱՎ-ով վարակվածության նոր դեպքերի թիվն ավելանում է տարեկան միջինը 10 տոկոսով:










