ՌԴ պաշտոնյան հայտնել է, որ նախընտրական շրջանում Կրեմլը կապ է պահպանել Թրամփի աշխատակազմի հետ

21:04 • 10.11.16

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Interfax ռուսական պետական գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ ՌԴ կառավարությունը կապի մեջ է եղել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի աշխատակազմի մի շարք անդամների հետ:

Այս իրողությանն անդրադարձել են մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ` ընդգծելով, որ այս լուրը հակասում է արշավի ժամանակ անձամբ հանրապետական գործչի արած հայտարարություններին:

«Անշուշտ, մենք շատերին ենք ճանաչում նրա շրջապատում: Այդ մարդիկ մշտապես եղել են ուշադրության կենտրոնում և բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցրել ԱՄՆ-ում», - CBS News-ի փոխանցմամբ` այս մասին ասել է Ռյաբկովը հարցազրույցի ընթացքում:

Ռյաբկովի խոսքով` իրենք սկսել են տարբերակներ քննարկել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի հետ աշխատելու և երկխոսություն ծավալելու համար: