Գրանտակերները գումարը վերցնում են, մենք՝ պայքարում. Դավիթ Սանասարյանը դրամաշնորհները հափշտակած ՀԿ-ների մասին

18:52 • 10.11.16

Հայաստանում դրամաշնորհ ստացողների մեծ մասը ոչնչով չեն զբաղվում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հասարակական գործիչ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը՝ խոսելով ՀՀ քննչական ծառայության հայտարարության մասին, թե ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարվել են հափշտակություններ: 

Առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար 8 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հարուցվել է քրեական գործ:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ նրանցից որևէ մեկին չի ճանաչում, նրանք հասարակական ակտիվություն չեն ցուցաբերել:

«Ընդհանրապես մարդիկ գրանտ են ստանում, բայց չգիտես՝ ինչով են զբաղվում: Դրա համար էլ գրանտակեր կոչված հասկացությունն է դաշտում նետվել, որովհետև գումարը վերցնում են, բայց թղթի վրա է մնում, ոչինչ չեն անում: Իրենք գրանտը վերցնում են, մենք ենք այդ ոլորտների համար պայքարում»,- նշեց Դավիթ Սանասարյանը:

Հասարակական գործիչը շեշտեց, որ դրամաշնորհներ են վերցնում նաև պետական կառույցները, որոնց ևս պետք է վերահսկել:

«Մի շարք կառույցներ գրանտները վերցնում են, բայց ոչ նպատակային են ծախսում: Լավ կլինի, որ նրանց նկատմամբ էլ գործ լինի»,- նկատեց Դ. Սանասարյանը: