Սարի թաղի բնակիչները պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին (տեսանյութ)
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում հուլիսի 19-ին Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատները։
Tert.am-ի հետ զրուցում քրեական գործում որպես մեղադրյալ անցնող Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնացյանը, նշեց, որ իր ամուսնուն այժմ անօրինական են պահում կալանավայրում. «Նրա կալանքը վաղուց պետք է երկարաձգեին, բայց դատական նիստերը չեն կայանում, մեղադրանքը հաստատելու փաստեր էլ չկան, ոստիկանների ցուցմունքների վրա են միայն հենվում»։
Ակցիայի մասնակիցները պահանջում էին վարչապետից հանձնարարել արդարադատության նախարարին՝ հետևել գործի ընթացքին։
«9 տղաների մեղադրանք է առաջադրվել, նրանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում, բայց ոստիկանները ընդամենը թեթև քերծվածքներ են ունեցել միջադեպի հետևանքով, մեր տղաները հանցագործ չեն, գազի, ջրի ճանապարհի խնդրով էին խոսում ոստիկանների հետ, որից հետո միջադեպ եղավ»,- նշեց քրեական գործով անցնող Հրաչյա Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը։










