Բաքուն խախտել է Վիեննայի փաստաթուղթը և չի տեղեկացրել զորավարժության մասին. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

14:04 • 10.11.16

Ադրբեջանում մեծամասշտաբ զորավարժությունների անցկացման վերաբերյալ արտաքին գործերի նախարարի կողմից արձագանք եղել է: Ադրբեջանը, առավել ևս Վիեննայի հանդիպումից հետո, նման զորավարժություններ անցկացնելուց 42 օր առաջ պետք է տեղյակ պահեր:

Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Խնդիրը կայանում է նրանում, որ Վիեննայից հետո նման զորավարժություններ անցկացնելու համար ադրբեջանական կողմը 40 օր առաջ պետք է տեղյակ պահեր, որն Ադրբեջանը չի արել, ինչը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելը»,-ասաց նա։

Շավարշ Քոչարյանն ասաց, որ զորավարժությունների անցկացումն ուժի ցուցադրում է, մյուս կողմից էլ Ադրբեջանը հասարակության առաջ խնդիրներ ունի, որովհետև այն պատկերացումը, որն ուներ հասարակությունը, իրականում այդպես չէ. «Կարծում եմ, որ նաև այդ հանգամանքը նշանակություն է ունեցել զորավարժություններ կազմակերպելու համար»:

Հարցին, թե նման մասշտաբի զորավարժությունների անցկացումն արդյոք իր մեջ վտանգներ չի պարունակո՞ւմ, ՀՀ փոխարտգործնախարարն ասաց, որ հայկական կողմը միշտ պատրաստ պետք է լինի հակառակորդի կողմից ցանկացած քայլի. «Դա արդեն բոլորիս համար աքսիոմ է, առավել ևս ապրիլյան դեպքերից հետո»:

Նշենք, որ համաձայն Վիեննայի փաստաթղթի՝ զորավարժություն անցկացնելուց 42 օր առաջ պետք է տեղյակ պահել զորավարժություն անցկացնելու մասին, եթե զորքերի մասնակցությունը հասնում է 9 հազարի: Ադրբեջանի կազմակերպած զորավարժությանը մասնակցում է 60 հազար զորք: