Ստրասբուրգում կայացել է «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը»

13:13 • 10.11.16

Նոյեմբերի 7-9-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը»՝ «Ժողովրդավարություն և հավասարություն. ի՞նչ դեր ունի կրթությունը» խորագրի ներքո։ Բացմանը ելույթներով հանդես են եկել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը, Ֆրանսիայի կրթության նախարար Նաջատ Վալո-Բելկասեմը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ֆորումի` «Աջակցություն գլոբալ քաղաքացիությանը» խորագրով աշխատաժողովը վարել է էր Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։ 

Միջոցառմանը մասնակցել է 100 երկիր ներկայացնող ավելի քան 2500 մասնակից, որոնց թվում էին գիտնականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ և ուսանողներ։ Ֆորումի քննարկումներն ընթացան քաղաքացիություն, ժողովրդավարություն և կրթություն, ինչպես նաև կրթության սոցիալական տարբերությունների հարթեցում թեմաների շուրջ:

Փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայկական ազգային երաժշտության կատարումներով հանդես են եկել հայ դաշնակահար Լուսինե Խաչատրյանը, իրանցի թառահար և երգահան Ալի Ղամսարին, ովքեր արժանացան հանդիսատեսի բարձր գնահատականին։

«Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը» հիմնվել է 2012թ. և կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Ստրասբուրգ քաղաքի ղեկավարության և ֆրանսիական կառավարության հետ համատեղ։ Այն հարթակ է ապահովում ժողովրդավարական կառավարման ոլորտում երկխոսության և նորարարությունների համար, նպաստում է Եվրոպայի խորհրդի սկզբունքների տարածմանը։ Ֆորումի ընթացքում քննարկվում են ժողովրդավարության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումները։