«Վաղը կգաք, կտեսնեք». Խաչիկ Գալստյանը՝ «Միասնություն» շարժմանը Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի միանալու մասին
Վաղը կայանալու է նորաստեղծ «Միասնություն» շարժման համաժողովը: Շարժման հիմնադիր խորհրդի անդամ, Գագիկ Ծառուկյանի մամուլի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նորաստեղծ շարժմանը միացել են մոտ 1 տասնյակ հասարակական կառույցներ:
Քաղաքական ուժերից «Միասնությանը» միացել է «Հայազն» կուսակցությունը: «Մենք` որպես այդպիսին, մեր առջև խնդիր չենք դրել քանակական մաս ապահովելու: Շարժման նպատակը քաղաքական բնական սերնդափոխության ապահովումն է Հայաստանում»,- ասաց Գալստյանը:
Հարցին՝ կարծում է, որ Հայաստանի ներկա քաղաքական էլիտան կզիջի՞ դիրքերն իրենց, Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Քաղաքական էլիտան առնվազն կբացի քաղաքական համակարգը և հնարավորություն կտա նոր դեմքերին առողջ մտածելակերպով, թարմ գաղափարներով մասնակցել երկրի կառավարմանը: Ուրիշ այլընտրանք չկա»:
Դիտարկմանը, որ մամուլում գրվել է, որ «Միասնություն» շարժմանը հնարավոր է միանան Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը պատասխանեց. «Վաղը կգաք համաժողովին, կտեսնեք»:
Ըստ Գալստյանի՝ «Միասնություն» շարժման շարքերում լինելու են երիտասարդներ, նոր դեմքեր՝ թարմ գաղափարներով:
«Միասնությունը» հավակնում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հարցին, թե որպես կուսակցությո՞ւն են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, Գալստյանը պատասխանեց. «Այդ մարտավարական խնդիրները մենք ապագայում կորոշենք՝ ինչ ֆորմատով կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին: Պարտադիր չէ կուսակցություն լինենք:
Մենք համագործակցության լայն հարթակ ենք ստեղծում Հայաստանում: Ովքեր կկիսեն մեր գաղափարները, մեր մոտեցումները, նրանց հետ էլ կքննարկենք մեր ապագա համագործակցության հարցը»:










