Ավստրալիայում երկրի պատմության մեջ առաջին կիբեռդեսպանն է նշանակվել

12:20 • 11.11.16

Կիբեռնետիկայի ոլորտում հայտնի ավստրալացի մասնագետ Թոբի Ֆիկինը երկրի պատմության մեջ առաջին «կիբեռդեսպանն» է դարձել (Ambassador for Cyber Affairs): Նշանակման մասին հայտնել է արտգործնախարար Ջուլի Բիշոպը, գրում է ТАСС-ը:


Կիբեռդեսպանի պաշտոնի հաստատման մասին այս տարվա ապրիլին հայտարարել էր Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլը՝ ներկայացնելով նոր ազգային «Կիբեռանվտանգության ռազմավարությունը», որի խնդիրն է, ըստ նրա, Ավստրալիայի շահերի պաշտպանությունը:


«Մենք չենք կարծում, որ համացանցի անվտանգությունն ու ազատությունն իրարամերժ հասկացություններ են»,- նշել է վարչապետը: «Հակառակը, դրանք ուժեղացնում են միմյանց. վստահելի կիբեռպաշտպանությունը մարդկանց, մասնավոր բիզնեսին և պետական կառույցներին վստահություն է ներշնչում, ինչը թույլ է տալիս նրանց ազատ փոխանակվել նորարարական գաղափարներով»,-հավելել է նա:


Ավստրալիայի արտգործնախարարն ընդգծել է, որ «կիբեռդեսպանն աշխատելու է վարչապետի կիբեռանվտանգության հարցերով խորհրդականի հետ սերտ համագործակցությամբ», բայց, միևնույն ժամանակ, նրա գլխավոր խնդիրներից մեկն է լինելու «համացանցը պետական գրաքննությունից պաշտպանելը»: