Calexit. Կալիֆորնիայում տարածում է գտնում ԱՄՆ-ից առանձնանալու նախաձեռնությունը

13:50 • 11.11.16

Կալիֆորնիայի բնակիչներն ԱՄՆ-ի կազմից նահանգի դուրս գալու մասին հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ նախաձեռնություն են սկսել, գրում է gazeta.ru-ն:


Հաջակցություն արշավի գործարկվել է yescalifornia.org կայքը, որտեղ կարելի է իմանալ «Calexit»-ի (California (Կալիֆորնիա) և Exit (ելք) բառերի համակցությունից) մասին մանրամասներ:


Սոցցանցերում օգտատերերը սկսել են օգտագործել #Calexit և #Caleavefornia հեշթեգերը: Նախաձեռնողների խոսքերով՝ հանրաքվեն նախատեսված է 2019 թվականի գարնանը:


Նշվում է, որ այս գաղափարը վաղուց է ծագել, բայց տարածում է գտել ԱՄՆ նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում. նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ 

Նրա երդմնակալությունը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին: