Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել Թրամփին խիստ լինել Ռուսաստանի հարցում

10:19 • 11.11.16

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփին հետ չկանգնել Ռուսաստանի հանդեպ խիստ լինելու հարցում ՆԱՏՕ-ի սկզբունքներից: Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի երեկոյան ZDF հեռուստաալիքի եթերում, հայտնում է ТАСС-ը:


«Դոնալդ Թրամփը պետք է հստակ ասի, թե ում կողմից է: Արդարության, խաղաղ կարգավորման և ժողովրդավարությա՞ն, թե՞ նրա համար միևնույն է, և նա կցուցաբերի տղամարդկային ընկերության քայլ»,- նշել է նախարարը:


Բացի այդ, նա նշել է, որ Թրամփը չպետք է ՆԱՏՕ-ն ընկալի որպես բիզնես: «Դա ընկերություն չէ»,- ընդգծել է ֆոն դեր Լյայենը:


Ապրիլի 3-ին նախընտրական արշավի ընթացքում Թրամփը հնարավոր է համարել ՆԱՏՕ-ի փլուզումը: Նա հայտարարել է, որ դաշնակիցները «չեն վճարում իրենց մասնաբաժինը», և հնացած է անվանել 28 երկրներից բաղկացած դաշինքը: Նա նշել է, որ եթե նրանք չսկսեն վճարել, ապա պետք է հեռանան կազմակերպությունից: «Եվ եթե ՆԱՏՕ-ն փլուզվի, թող այդպես էլ լինի»,- ասել է Թրամփը: Բացի այդ, նա բազմիցս հայտարարել է, որ դեմ չէր լինի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: