Մոսուլի ազատագրման մարտերում սպանվել է ԻՊ-ի գլխավոր հրամանատարներից մեկը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը սպանվել է իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմարշավի ժամանակ: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` մեջբերելով իրաքյան ռազմական հետախուզության տվյալները:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մահմուդ Շուքրի ան-Նուայմին, ով հայտնի էր նաև Շեյխ Ֆարիզ անունով, ոչնչացվել է երեքշաբթի Մոսուլի արևմտյան շրջաններում կոալիցիոն ուժերի հասցրած ավիահարվածի հետևանքով:
ԻՊ-ը տեսանյութ է տարածել, որում հաստատել է նրա մահը և նրան անվանել է «մարտի դաշտում ընկած նահատակ»:
Իրաքյան ոստիկանությունն, իր հերթին, հայտարարել է, որ Մոսուլի ազատագրմանն ուղղված գործողությունների սկզբից ի վեր, որոնք մեկնարկել են հոկտեմբերի 17-ին, ավելի քան 1200 գրոհային է սպանվել:










