Մեքսիկայի նախագահը ցանկանում է լավ հարաբերություններ կառուցել Թրամփի հետ

09:02 • 11.11.16

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ ցանկանում է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք այդ երկրի հետ լավ հարաբերություններ կառուցել:


«Ես լավատեսական տրամադրվածություն ունեմ այն հարցում, որ մենք (Մեքսիկան և ԱՄՆ-ն- Tert.am) կկարողանանք երկկողմ հարաբերություններում նոր, դրական աշխատանքային օրակարգ սահմանել: Դա օգուտ կբերի 2 երկրի ժողովուրդներին»,-Reuters-ը մեջբերում է Նյետոյի խոսքերը:


Միևնույն ժամանակ, Մեքսիկայի ղեկավարն ասել է, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Թրամփի հետ ու մոտ ժամանակներս հանդիպելու է նրան:


Իր խոսքում Նյետոն ևս մեկ անգամ անդրադարձել է ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ սկանդալային հայտարարությանը`հստակեցնելով, որ Մեքսիկայի իշխանությունները ոչ մի դեպքում չեն պատրաստվում վճարել պատի կառուցման համար:


Հիշեցնենք, որ քարոզարշավի ընթացքում հանրապետականների թեկնածուն բազմիցս ասել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ահռելի պատ է կառուցելու Մեքսիկայի հետ սահմանի ողջ երկայնքով: Թրամփը նաև հավելել էր, որ այնպես կանի, որ հենց Մեքսիկայի իշխանությունները վճարեն պատի կառուցման համար:


Պատ կառուցելու վերաբերյալ իր որոշումը Թրամփը բացատրել էր այն հանգամանքով, որ չի ցանկանում, որ մեքսիկացի թմրամոլներն ու բռնաբարիչները հատեն ԱՄՆ-ի սահմանը: