Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Սնոուդենը չի վախենում ԱՄՆ արտահանձնումից

10:06 • 11.11.16

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ չի վախենում հայրենիք արտահանձնումից՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:


Սնոուդենի խոսքով՝ խենթություն կլիներ համարել, որ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեն կնքի գործարք, որի արդյունքում ԿՀՎ նախկին աշխատակիցը կարտահանձնվի ԱՄՆ: Այնուամենայնիվ, նա չի վախենում նման հեռանկարից:


«Եթե ես անհանգստանայի իմ մասին, եթե իմ անվտանգությունը և ապագան ամենից կարևոր լինեին ինձ համար, ես դեռ կլինեի Հավայան կղզիներում»,- հայտարարել է Սնոուդենը տեսակոնֆերանսի ժամանակ:


Նա հավելել է, որ վստահ է իր ընտրության ճիշտ լինելու մեջ:


2013 թվականի հունիսին նա հեղինակավոր թերթերին գաղտնի նյութեր էր տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության մասին։