«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրողի կալանքի ժամկետը երկարաձգվել է, սակայն մեղադրանքներից մեկը հանվել է. պաշտպան
Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սասնա ծռերին» բեռնատար տալով աջակցելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի կալանքը երկու ամսով երկարաձգել է, մեղադրանքն էլ փոխել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը:
«Քննիչը միջնորդություն էր ներկայացրել կալանքի երկարացման դեմ՝ հիմնավորելով, որ կարող է խոչընդոտել նախաքննությանը, թաքնվել և այլն: Քննիչի միջնորդության դեմ առարկել ենք, որովհետև հիմնական անհրաժեշտ գործողություններն արդեն կատարված են, մանավանդ, որ իմ պաշտպանյալի մասով ինչ պետք է արվեր, քննչական մարմինը կատարել է: Բացի այդ, գործով մնացած բոլոր ամբաստանյալներն անազատության մեջ են, հետևաբար եթե Գիչյանը լինի ազատության մեջ, միևնույն է, հնարավորություն չի ունենա նրանց հետ հանդիպելու»,- ասաց պաշտպանը:
Նրա խոսքով՝ այդ ամենից զատ Խաչատուր Գիչյանը մշտական բնակության վայր ունի, նախկինում դատապարտված չի եղել, 69 տարեկան է, առողջական վիճակը բավարար չէ, ինքնակամ է ներկայացել ոստիկանություն,թաքնվելու փորձ չի արել, իսկ նման դեպքերում դատարանները չեն կալանավորում, մանավանդ, որ կալանքը կիրառվում է բացառիկ դեպքերում:
«Բողոք եմ ներկայացնելու, մենք առարկեցինք կալանավորման դեմ, սակայն մի դրական տեղաշարժ ունենք: Գիչյանին մեղադրանք էին առաջադրել շենք, շինություններ զավթելուն օժանդակելու մեջ, ինչպես նաև այնտեղ գտնվող անձանց պատանդ վերցնելուն օժանդակելու համար: Այսինքն՝ իմ պաշտպանյալը մեղադրվում է երկու հոդվածով, սակայն պատանդ պահելուն օժանդակելը հանվեց, մեղադրանքը փոխվեց, հիմա վիճակն ավելի թեթևացել է»,– ներկայացրեց փաստաբանը:
Հարցին, թե ինչի հիման վրա է մեղադրանքներից մեկը հանվել, Տիգրան Սարգսյանն ասաց, որ պաշտպանության կողմն անընդհատ պնդում էր, որ Խաչատուր Գիչյանը չէր կարող կանխատեսել խմբի գործողություններն ամբողջությամբ:










