Թրամփի ընտրությունը կարող է վտանգի տակ դնել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները. Յունկեր

12:05 • 12.11.16

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը կարող է սպառնալիքի տակ դնել Եվրամիության ու Միացյալ Նահանգների հարաբերությունները։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը,  Լյուքսեմբուրգում համաժողովի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերը։


«Թրամփի ընտրությունը կարող է խնդիրներ ստեղծել Եվրամիության ու Միացյալ Նահանգների հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա։


Նրա խոսքով՝  ԵՄ ղեկավարությունն այժմ «պետք է բացատրի Թրամփին՝ ինչ է միասնական Եվրոպան ու ինչպես է այն աշխատում»։


Նշենք, որ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեմ բողոքի ակցիաների մասնակիցներն արդեն երրորդ երեկոն անընդմեջ հավաքվում են երկրի մի շարք քաղաքներում և իրենց անհամաձայնությունն արտահայտում ընտրությունների արդյունքին:


Reuters-ը գրում է, որ ուրբաթ մթնելուն պես իրենց քաղաքների փողոցներ են դուրս եկել ներգաղթյալների, մուսուլմանների և կանանց վերաբերյալ Թրամփի հակասական հեռտորաբանությունից դժգոհ հազարավոր ցուցարարներ: Գործակալությունը նշում է, որ ցույցերի հիմնական կենտրոններ են դարձել Մայամի, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Ատլանտա, Ֆիլադելֆիա և Պորտլենդ քաղաքները: Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Վաշինգտոնում ու Լոս Անջելեսում: