Թրամփը չի բացառել նախկին նախագահ Բիլ Քլինթոնին խորհրդի համար դիմելու հնարավորությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը CBS-ին տված հարցազրույցում հայտնել է, որ կդիտարկի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին խորհրդի համար դիմելու հնարավորությունը:
Հեռուստաալիքի լրագրողը հարցրել է Թրամփին, թե ինչպիսի զրույց է ունեցել իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ և հետաքրքրվել է` արդյոք իրեն զանգել է վերջինիս ամուսին Բիլ Քլինթոնը:
Դոնալդ Թրամփի խոսքով` Քլինթոն ամուսինները շատ սիրալիր են եղել զրույցի ժամանակ: Այն հարցին, թե Թրամփը խորհրդի համար կդիմի՞ արդյոք Բիլ Քլինթոնին, նորընտիր նախագահը պատասխանել է, որ թույլ է տալիս նման հնարավորություն:
«Այո, նա շատ տաղանդավոր տղա է, նկատի ունեմ, որ նրանք շատ տաղանդավոր ընտանիք են: Անշուշտ, կմտածեմ դրա շուրջ»,- հայտնել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում. նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ Նրա երդմնակալությունը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին:










