Բաքվից, իհարկե, կարելի է սպասել, որ զորավարժությունները ինչ-որ մի պահի կարող են վերածվել այլ բանի. Վահան Բադասյան

19:05 • 12.11.16

Արցախյան հրամանատար Վահան Բադասյանը ևս չի բացառում, որ Ադրբեջանում 60 հազարանոց զորակազմով զորավարժությունները ինչ-որ մի պահի կարող են շեղվել սցենարից և վերածվել Արցախի դեմ պատերազմի: 

Այսպես, պատասխանելով  Tert.am-ի հարցին, թե քանի որ արցախյան հրամանատարներից Արկադի Կարապետյանը /Ագո/ «Հայկական ժամանակի» հետ զրույցում չէր բացառել, որ  գործողությունները կզարգանան վերը նշված սցենարով, ուստի Արցախում կա՞ն նման սպասումներ, Վահան Բադասյանն ասաց. «Իհարկե, ամեն ինչ կարելի է սպասել, մանավանդ որ մեզ հակառակորդը չպետք է անակնկալի բերի, որովհետև, երբ մի կողմը մյուսի վրա հարձակվում է ու անակնկալի բերում հակառակորդին, ապա դա անում է իր ուժերը կուտակելու միջոցով: Հիմա, իրենք կարող ենք այդ ուսումնական վարժանքներն օգտագործել: Դրա համար մենք պետք է իմանանք»:

Ամեն դեպքում, այսօր օրվա երկրորդ կեսին առաջնագծից ստացված տվյալները Վահան Բադասյանը գնահատեց` «նորմալ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական զինուժը երեկ չէ առաջին օրվա գիշերվանից ականանետերի կիրառմամբ արկակոծում էր Թալիշի և Յարըմջայի ուղղություններով տեղակայված՝ ԼՂ պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Այսօր ևս շփման գծում գիշերը լարված է եղել և հակառակորդը կիրառել է նաև ականանետ:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է առաջնագիծ, ծանոթացել է շփման գծում տիրող իրավիճակին:

Աշխարհազորայինների /կամավորականներ հավաք անելու կոչերին անդրադառնալով` Վահան Բադասյանն ասաց, որ Արցախ կամավորականներ ուղարկելու կարիք չկա, քանի որ դա խուճապային տրամադրություններ կառաջացնի. «Եթե, Աստված չտա, մի բան լինի, օգնություն անհրաժեշտ կլինի, այդ ժամանակ արդեն էդ նույն մարդիկ թող գան»:

Հիշեցնենք նաև, որ աշխարհազորայիններին մոբիլիզացնելու հայտարարությամբ հանդես էր եկել Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: «Թող այդ ժամանակ վեր կենա, այստեղ լինի»,- հավելեց Վահան Բադասյանը:

Ինչ վերաբերում է աշխատողների աշխատավարձներից 1000-ական դրամ պահելու գաղափարին, որը արդեն իսկ ահավոր վարկաբեկվել է, ապա Բադասյանն ասաց, որ կողմ է բանակին աջակցելուն, բայց ոչ 1000 դրամ հավաքելու միջոցով:

«1000 դրամ հավաքելը արդար չէ, որպեսզի արդար լինի, ժամանակին բանակից գողացողներին պետք է դատի տան ու նրանց մի քանի հազար քառակուսի մետրանոց էդ «չտեսական» բնակարանները պետք է աճուրդի հանվեն. դրանց գումարները բերվեն բանակ: Կամ այդ արագաչափերը, պետության այդ եկամուտները բերվեն կանոնավոր դաշտ: Ու այս դեպքերում այդ 1000 դրամների անհրաժեշտությունն էլ չի լինի»,-իր տեսակետը ներկայացրեց արցախյան ընդդիմության ներկայացուցիչը:

Ավելին` Վահան Բադասյանը հայտարարում է, որ այսօր էլ գողությունը բանակում շարունակվում է:

Հարցին, թե ինչ կամ ում նկատի ունի, Վահան Բադասյանը չպատասխանեց` ասելով, որ թող իրավապահները իր հայտարարությունը դիտեն որպես հաղորդում հանցագործության մասին, նյութեր նախապատրաստեն, ինքն էլ գնա «համապատասխան ցուցմունք» տա: