Եթե Թրամփը կամ իր վարչակարգը հուսախաբ չանեն, մեր միջև կապերը կզարգանան․Վիգեն Հովսեփյան

10:40 • 13.11.16

Ամերիկահայ, ԱՄՆ ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանը, խոսելով ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում սպասվելիք հնարավոր զարգացումների մասին, հիշատակեց, որ ԱՄՆ-ի տարբեր պաշտոնատարների հետ հայ համայնքը մշտապես էլ իր հարաբերությունները ծավալել է հավաքական շահերը ներկայացնելու համար:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ ամերիկահայերից ոմանք Հանրապետական կուսակցության անդամներ են, որոշներն էլ հետևում են Դեմոկրատական կուսակցությանը, ոմանք էլ անկախ են:

«Յուրաքանչյուր ամերիկահայ անհատապես ունի իր ուրույն հավատարմությունը, սակայն, երբ հարցերը վերաբերում են հավաքական օրակարգին՝ այստեղ արդեն նախապաշարումներ չկան և պետք էլ չէ, որ լինեն: Համայնքը գործում է ցանկացած վարչախմբի և պաշտոնյայի հետ, և եթե նորընտիր նախագահը կամ իր վարչակարգը դրական հարաբերություններ պահպանեն հայ համայնքի հետ և հուսախաբ չանեն մեզ, ապա կապերը կզարգանան: Այսօրվա տվյալներով, զգուշավոր ակնկալությամբ հետևում ենք պարոն Թրամփի առաջին քայլերին, նշանակումների և դիրքորոշումներին»,- ասաց Վիգեն Հովսեփյանը:

Նկատառմանը, թե շատերը Հայաստանում Դոնալդ Թրամփին համարում են ադրբեջանամետ գործիչ՝ հաշվի առնելով նրա բիզնես կապերն այդ երկրում և մտավախություններ ունեն, որ ԼՂ հիմնախնդրում Միացյալ Նահանգները ադրբեջանամետ դիրքորոշում կընդունի,  ամերիկահայ քաղաքագետը պատասխանեց՝ շատ շուտ է այդպիսի պարզունակ կանխատեսումներ անելու համար:

«Ինչ խոսք, որևէ նախագահի, մանավանդ Թրամփի դեպքում, անհատականությունն ու նախասիրությունները սահմանափակ ազդեցություն կարող են ունենալ գործընթացների վրա, բայց արտաքին հարաբերությունների նման բարդ ոլորտի մեջ այդօրինակ ազդեցությունները շատ ավելի աննշան կլինեն և ինստիտուցիոնալ թելադրանքներն ավելի գերիշխող: Իսկ այս դեպքում գլխավոր ազդակը ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ պետք է փնտրել»,- ասաց Վիգեն Հովսեփյանը:

Նա նկատեց, որ առաջին հերթին, և չգիտես ինչու, կա թյուր կարծիք, թե ամերիկահայ համայնքի ուշադրության կիզակետում միմիայն կամ առավելաբար Հայոց ցեղասպանության ճանաչման հետ առնչվող հարցերն են:

«Սա իրականությանը չի համապատասխանում: Հավաքական ճիգերի և քաղաքական ճնշումների առանցքը կազմում են ՀՀ-ին ցուցաբերվող տարբեր տեսակի օժանդակության ճիգերը՝ տնտեսական, մարդասիրական և զինվորական, Արցախի անսասանությանը վերաբերող քայլերը և վերջապես Հայ դատին առնչվող հարցերը, որոնց մեկ մասնիկն է Ցեղասպանության ճանաչումը»,- ասաց նա:

Հայ քաղաքագետներից Սուրեն Սարգսյանը մատնանշել էր, որ հայ լոբբիստների ուշադրության կենտրոնում պետք է պահվի 907 բանաձևը, որով որոշվել է, որ ԱՄՆ կառավարությունը որևէ օգնություն չի տրամադրի Ադրբեջանին, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ: Նա նշել էր, որ ամերիկահայերը պետք է իրենց պետության նոր ղեկավարի առաջ նոր պահանջ ձևակերպեն, իսկ դա Արցախի և Հայաստանի անվտանգության հարցն է, որում ԱՄՆ-ն պետք է ավելի հետևողական լինի:

Սրան ի պատասխան Վիգեն Հովսեփյանը նշեց․«Ձեր նշած 907 հոդվածի հետ մի քանի ռազմավարական խնդիրներ մնայուն կերպով հայկական ճիգերի մասն են կազմում: Ավելացնեմ, որ ընդհանրապես ՀՀ-ի ուղղությամբ, մասնավորապես նրա անվտանգության հետ կապված ԱՄՆ ուղեգծի միայն մեկ գործոնն է հայկական լոբբինգը: Նույնքան և ավելի կարևորը ՀՀ իշխանությունների դիրքորոշումն է ու նրա փոխած վերաբերմունքը»: