Շվեդիայում «Մա՛հ հայ շներին» բացականչած Բարբարոս Լեյլանին դատական նիստի ընթացքում հրապարակավ ներողություն է խնդրել
Շվեդիայում կայացել է շվեդ-թուրքական ընկերակցության նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործունեությունը քննող դատական գործի առաջին նիստը: Այս մասին գրում է թուրքական firatnews.com կայքը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին Բարբարոս Լեյլանին հաջակցություն Ադրբեջանի կազմակերպված հանրահավաքի ընթացքում բացականչել էր «Մա՛հ հայ շներին» և ավելացրել՝ «Եթե պետք լինի` արյուն կթափենք»:
Շվեդական և շվեդահայ մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Բարբարոսի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն` նրան մեղադրելով էթնիկ ատելություն հրահրելու համար, ինչից հետո Լեյլանին ստիպված է եղել հրաժարական տալ:
Հայկական համայնքին են միացել նաև ասորական և քրդական մի շարք կազմակերպություններ:
Շվեդիայի իշխանությունները կդադարեցնեն թուրքական համայնքային այս կառույցի ֆինանսավորումը, եթե դատարանի միջոցով հաստատվի, որ այն ազգայնամոլական ուղղվածություն ունի:
Նախօրեին կայացած առաջին դատական նիստի ընթացքում Լեյլանին հայտնել է, որ նա նպատակ չի ունեցել վիրավորել բոլոր հայերին, այլ այդպես է արտահայտվել միայն «ահաբեկչությանը սատարող հայերի» հասցեին:
«Ես խաղաղասեր հայերի դեմ ոչինչ չունեմ»,- ասել է Բարբարոսը:
Դատական նիստի ընթացքում Լեյլանիին խնդրել են պարզաբանել, թե ինչու է նա հանրահավաքի ժամանակ արյուն թափելու կոչեր հնչեցրել, ինչին ի պատասխան վերջինս նշել է, որ նա հայտարարել է՝ «Եթե կարիք լինի` մեր երկիրը պաշտպանելու համար արյուն կթափենք»:
Դատական նիստի ավարտին, երբ դատախազը հարցրել է Լեյլանիին, թե արդյոք ավելացնելու բան չունի՞ գործի հետ կապված, Լեյլանին հրապարակայնորեն ներողություն է խնդրել:










