Թեհրանի պահանջները Վաշինգտոնին տրամաբանական են և օրինական. Էսմայիլ Բաղային՝ Մարկո Ռուբիոյի հայտարարությունների մասին
Թեհրանի պահանջները Վաշինգտոնին տրամաբանական են և օրինական: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մի՞թե այդ պահանջներն ապօրինի են կամ անտրամաբանական: Անտրամաբանական և հոխորտացող է բանակցությունների թեժ պահին Ամերիկայի հարձակումը Իրանի վրա»,- ասել է Բաղային ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ Թեհրանը պահանջում է, որ նախքան ցանկացած բանակցությունների սկսվելը Վաշինգտոնը չեղարկի ապօրինի պատժամիջոցները, դադարեցնի ծովային շրջափակումը և պատերազմը: Բաղային նաև հայտարարել է, որ Իրանի երկօրյա ծրագիրը նախկինի պես մնում է բանակցային սեղանին. եթե Վաշինգտոնը կատարի Թեհրանի պահանջները, երկու օրվա ընթացքում կվերականգնվի անվտանգությունը Հորմուզի նեղուցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարգավորման վերաբերյալ Իրանի պահանջները համարում է անընդունելի, իսկ որոշ դեպքերում՝ վրդովեցուցիչ և անիրատեսական: Ամերիկյան պետքարտուղարի խոսքով՝ բանակցությունները առանձնակի արդյունքներ չեն բերում:











