Գերմանական ոստիկանությունը հերքել է Թուրքիայի Մեջլիսի փոխնախագահի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու մասին լուրերը

10:15 • 08.12.16

Գերմանական ոստիկանությունը հերքել է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Մեջլիսի պատգամավոր և փոխնախագահ Այշենուր Բահչեքափըլըի հանդեպ կոպիտ վերաբերմունք դրսևորելու մասին պատգամավորի տարածած լուրերը: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ հղում անելով գերմանական Deutsche Welle պարբերականին:

Սանկտ Ավգուստինի դաշնային ոստիկանության կենտրոնական մասնաճյուղի գլխավոր կոմիսար Յենս Ֆլյորենը պաշտոնապես հերքել է Քյոլն/Բոնն օդանավակայանի անվտանգության աշխատակիցների վերաբերյալ թուրքական ԶԼՄ-ներում տեղ գտած մեղադրանքները: 

Ոստիկանական կենտրոնից հայտնել են, որ Բահչեքափըլըի՝ օդանավակայանում անցած ստուգումները պարտադիր բնույթ են կրում, և դրանց ենթարկվում են բոլորը: Գերմանական ոստիկանությունից հերքել են թուրք պատգամավորի՝ վատ վերաբերմունքի արժանանալու մասին լուրն ու նշել, որ նրա հանդեպ ընդգծված կոպիտ կամ խտրական վերաբերմունք չի կիրառվել:

Հիշեցնենք, որ Բահչեքափըլըի պնդմամբ՝ գործուղման նպատակով Քյոլն քաղաքում գտնվելու ընթացքում իրենից գողացել են իր պայուսակը, որում գտնվել են իր անձնական փաստաթղթերը:

Ավելի ուշ թուրք պատգամավորին հաջողվել է Թուրքիայի հյուպատոսությունից ձեռք բերել ժամանակավոր անձնագիր՝ Թուրքիա վերադառնալու համար: 


Թուրք պատգամավորի հայտարարության համաձայն՝ իր ժամանակավոր անձնագիրը որպես հիմք չընդունելով՝ գերմանացի ոստիկաններն իրեն գցել են մի շարք բյուրոկրատական քաշքշուկների մեջ, ստեղծել արհեստական խոչընդոտներ, վարվել կոպիտ ու անարդարացի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Գերմանիային՝ Քյոլն քաղաք ժամանած թուրք պատգամավոր Այշենուր Բահչեքափըլըի հանդեպ գերմանացի ոստիկանների «անարդարացի վերաբերմունքի» համար: