Եթե Փաստաբանների պալատին ցնցեն մի խումբ փաստաբաններ, ուրեմն՝ անկախ ՓՊ չունենք. Արա Զոհրաբյան (տեսանյութ)

20:00 • 25.01.17

Փաստաբանների պալատի քառամյա գործունեության, փաստաբանների պալատի խորհրդի ընտրության, փաստաբաններին ֆեյսբուքյան գրառումների համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու, խորհրդարանական ընտրություններից առավել աղմկահարույց ընտրություններ ունենալու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

-Պարո՛ն Զոհրաբյան, 2013 թվականի հոկտեմբերի 4-ից ղեկավարում եք Փաստաբանների պալատը։ Ձեր օրոք ի՞նչ է փոխվել Պալատում:

-Կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը տեղադրված է փաստաբանների պալատի կայքէջում: Համառոտ եթե ասեմ, ապա կատարելագործվել է վերապատրաստման դասընթացների համակարգը, ներդրվել է առցանց վերապատրաստման համակարգ, մարզերում ստեղծվել են գրասենյակներ, կատարվել են մի շարք հասարակական ծրագրեր: Աշխատանքները շատ են և դեռ շարունակվում են:

-Փաստաբանների պալատը բաժանված է թևերի՞:

-Նախ, Փաստաբանների պալատը չի կարող թևերի բաժանվել, որովհետև ՓՊ-ն մեկն է, և դա բոլոր փաստաբաններինն է: Ես ինքս էլ ժամանակավոր մարդ եմ և չեմ կարող հավերժ մնալ այստեղ, ես էլ փաստաբան եմ և դա գիտակցում եմ: Հիմա, խնդիրը կայանում է նրանում, որ ունենք փաստաբաններ, ովքեր ունեն այլ կարծիքներ: Դա նորմալ է, որովհետև մենք ունենք 1777 փաստաբան, բոլորն էլ անկախ մարդիկ են և, հետևաբար, ունենք 1777 կարծիք: Բնական է, որ մի խումբ փաստաբանների կարծիքներ կարող են չհամընկնել ՓՊ-ի այս կամ այն պաշտոնատար անձի կարծիքի հետ: Չեմ կարծում, որ կարելի է ասել, թե Պալատը թևերի է բաժանված, որովհետև եթե մենք համարենք, որ Փաստաբանների պալատին կարող են օրինակ՝ ցնցումների ենթարկել մի խումբ փաստաբաններ, դա կնշանակի, որ մենք անկախ Փաստաբանների պալատ չունենք: Իսկ ՓՊ-ն անկախ է ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններից, այլև անկախ է մի խումբ փաստաբաններից: Մեծամասնություն է որոշում խաղի կանոնները:

-Ի՞նչն է պատճառը, որ «Ֆեյսբուքում» գրառումների համար փաստաբանները կարգապահական պատասխանատվության են ենթարկվում:

-Կան փաստաբանների վարքագիծը կանոնակարգող երկու տիպի երկրներ: Հայաստանում էթիկայի կանոնները տարածվում են փաստաբանի մասնագիտական և հանրային կյանքի վրա, անձնական կյանքը չկա: Օրինակ, եթե փաստաբանը հանրային կյանքում մի վարքագիծ է դրսևորում, դա կարող է ազդել նաև մյուս փաստաբանի վրա: Այս տեսակետից ՓՊ-ն չի կարող անտարբեր մնալ: Փաստաբանից պահանջվում է բարձր մակարդակի վարքագիծ, իհարկե սա չի նշանակում, որ ցանկացած փաստաբանի գրառում պետք է քննարկման առարկա դառնա: Վերջին իրադարձությունների ժամանակ եղել է կոնկրետ բողոք բերող փաստաբան, ով բողոքել է, որ իր վերաբերյալ վիրավորական գրառումներ են կատարել: ՓՊ-ն հարուցել էր վարույթ, ստուգել էր և ենթարկել կարգապահական պատասխանատվության կոնկրետ փաստաբանի, որը վիճարկվում է դատարանում:

-Հետևելով փաստաբանների գրառումներին, հարցազրույցներին՝ դժգոհություն կա, որ ՓՊ-ում հակակշռող մեխանիզմ չկա: Այսինքն, եթե խորհրդի անդամը Պալատի նախագահի մոտ է աշխատում, ապա ինչպե՞ս կարող է վերահսկել Պալատի նախագահի աշխատանքը: Օրինակ՝ կա Ազգային ժողով և չկա կառավարություն, հակակշռող մարմինը չկա: Արդյոք անհրաժեշտություն չի՞ եղել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու և այդ բացը լրացնելու:

-Նախ ասեմ, որ այդ դրվածքը եղել է ՓՊ-ի ստեղծման օրվանից: Այսինքն` որևէ բան չի փոխվում, մեր մոտ խորհուրդը կառավարությունն է, մեր մոտ Ազգային ժողովն ընդհանուր ժողովն է: Այսինքն` այդ տարբերությունը կա, և այս տեսակետից արգելք ու խնդիր չկա: Այդ դեպքում, մեր փաստաբանների 80 տոկոսն աշխատանքային պայմանագրով աշխատում է որևէ փաստաբան-գործատուի մոտ: Հիմա եթե մենք անկախության այնպիսի բարձր ցենզ ենք դնում, ուրեմն երևի թե պահանջ դնենք, որ փաստաբանը չաշխատի որևէ փաստաբանի մոտ:

-Օրենսդրական փոփոխության առաջարկ կա, համաձայն որի՝ փաստաբաններն անդամավճարները պետք է վճարեն տարվա սկզբից, ինչո՞ւ:

-Դա դեռևս օրենսդրական նախաձեռնություն է, սակայն դա հնարավորություն է տալիս Պալատին իր բյուջեն պլանավորել, իսկ ամսական կտրվածքով, երբ փաստաբանն ուշացնում անդամավճարի վճարումը, Պալատ-փաստաբան հարաբերություններում խնդիրներ են առաջանում: Կանխավճարի կարգով վճարման ինստիտուտը նորմալ է: Սակայն, օրինակ, եղել է, որ բարերարների միջոցով 200 փաստաբանի անդամավճար վճարվել է:

-Պարո՛ն Զոհրաբյան, փաստաբանների շրջանում քննվում է նաև անդամավճարի չափը նվազեցնելու հարցը, և դա պատճառաբանվում է նրանով, որ Փաստաբանների պալատի անդամների քանակը տարեցտարի ավելանում է: Կա՞ նման հարց օրակարգում:

-Նախ ասեմ, որ այդ վճարման առումով արտոնություններ կան մարզերի փաստաբանների, հղի և մինչև 1 տարեկան երեխա ունեցողների, 70 տարեկանից բարձր փաստաբանների համար, նրանք անդամավճարներ չեն վճարում: Բացի այդ, ՓՊ-ն կորուստներ է ունեցել նախկինում, և մինչ օրս այդ բացերն ենք լրացնում։ Այս պահին նման հարց չի քննարկվում:

-Անդրադառնալով փետրվարի 11-ի ընտրություններին, ապա Փաստաբանների պալատում փետրվարի 11-ի ընտրությունները խոստանում են ավելի աղմկահարույց լինել, քան ապրիլ ամսվա խորհրդարանական ընտրությունները: Ինչպիսի՞ն եք դուք տեսնում այդ ընտրությունները:

-Փաստաբանները գրագետ մարդիկ են, կռվող մարդիկ են, փաստաբանների կռիվը միշտ լինում է աղմուկով, իմ միակ ցանկությունն այն է, որ դա լինի կառուցողական, որովհետև մենք պետք է գոնե կարողանանք բարձր մակարդակ դրսևորել: Դա ավելի փաստարկված կլինի, պետք է գաղափարի, ոչ թե անձերի շուրջ հավաքվել: