Լավ եմ անում. Սամվել Բաբայանը՝ Վիկտոր Դալաքյանի հայտարարության մասին, թե ինքը զբաղվում է «Համախմբման» լոբբինգով
«Երրորդ հանրապետություն» կուսակցությունն այսօր որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թ.-ի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին, ոչ թե դաշինքին, դաշինք չի եղել:
«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Համախմբում» կուսակցության լոբբինգն է իրականացնում և որ նա փետրվարի 6-ին այցելել է իրենց կուսակցության գրասենյակ ներկայացրել ցուցակ, որտեղ առաջին տասնյակից 7-ը «Համախմբման» ներկայացուցիչ են՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Մարտիրոսյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան և այլք:
Այս առնչությամբ Tert.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Սամվել Բաբայանից:
Լսելով Վիկտոր Դալլաքյանի անունը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասաց, թե ինքը նրա հայտարարությանը ծանոթ չէ, ապա նշեց. «Մաշած մարդիկ պետք է խաղից դուրս գան, գան երիտասարդները, այդքանով ավարտենք»:
Դիտարկմանը, թե Դալաքյանը հայտարարել է, որ Բաբայանը «Համախմբման» լոբբինգով է զբաղվում, այցելել է «Համախմբում», ներկայացրել ցուցակ, որոնց առաջին 7 համարները «Համախմբման» ներկայացուցիչներ են, Սամվել Բաբայանն այսպես արձագանքեց. «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»:
Երբ փորձեցինք ճշտել, թե Դալլաքյանի հայտարարությունը փաստորեն իրականությանը համապատասխանո՞ւմ է. Բաբայանն ասաց, որ ամեն մեկի ասածը չի կարող մեկնաբանել։










