Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է. Սերգեյ Լավրով

15:25 • 06.03.17

Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է, երկու երկրների դիրքորոշումները համընկնում են մի շարք կարևոր հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:


«Իմ գործընկերոջ և ընկերոջ՝ նախարար Մամեդյարովի հետ բանակցությունները կառուցողական են անցել, մենք քննարկել ենք առաջիկա շփումների ժամանակացույցը, այդ թվում՝ բարձր մակարդակով»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ նախարարները քննարկել են նաև տնտեսական ոլորտում իրավիճակը:


Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի հանգուցալուծումների որոնմանը, ասել է Լավրովը:


«Բնականաբար, մենք խոսել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ ինչպես Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպումների ձևաչափով, և իհարկե՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Մեր բոլոր քայլերը ձեռնարկվում են համանախագահների մշակած սկզբունքների համաձայն»,- ասել է Լավրովը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ Հայաստան այցը նախատեսված է այլ ժամանակ: